211652_close_icon
views-count61852 դիտում article-date 10:13 14-11-2022

Քրեական պատմություններով հայտնի Վարդենիսի քաղաքապետի փեսա «Վարդենիսցի Ռոմիկը» «առատ նվերներով» ներկայացել է Սևանի քննչական բաժին ու խոստովանել․ Գեղարքունիքի մարզի ոստիկանները ճիշտ էին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 13-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի և Ճամբարակի բաժինների ծառայողների ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների, ապա բացատրական աշխատանքների արդյունքում Սևանի քննչական բաժին է ներկայացել Վարդենիս քաղաքի բնակիչ 36-ամյա  «Վարդենիսցի Ռոմիկ» մականվամբ Ռոմիկ Մինասյանը։ Վերջինս Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանի փեսան է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վարդենիսցի Ռոմիկը» Սևանի քնչական բաժին դատարկաձեռն չէր եկել։ Նա իր հետ բերել էր «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, սաղավարտ, զրահաբաճկոն, թվով 119 փամփուշտներով լիցքավորված 4 հատ պահեստատուփ, որոնք քննիչի որոշմամբ առգրավվել են։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքապետի փեսան խոստովանել է, որ Գեղարքունիքի մարզի ոստիկանները ճիշտ էին, և հայտնել է, որ նոյեմբերի 1-ին Ճամբարակ քաղաքում գործող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ արագ սննդի կետի սենյակի պատուհանից ինքն է արձակել կրակոց իր կողմից ներկայացված ինքնաձիգով։

Ինչպես ավելի վաղ հայտնվել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 36-ամյա, «Վարդենիսցի Ռոմիկ» մականվամբ Ռոմիկ Մինասյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Սամվել  Յուզբաշյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քննիչի միջնորդությունը և դատարանի դահլիճից ազատ է արձակել քրեական պատմություններով հայտնի Ռ. Մինասյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունը բողոքարկելու է դատարանի որոշումը և պահանջելու է, որպեսզի վերջինս կալանավորվի։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր