211652_close_icon
views-count1169 դիտում article-date 20:47 08-11-2022

2009թ. բանակում ինքնասպանություն գործած Արտակ Նազարյանի գործով ՄԻԵԴ-ի որոշումը՝ պետությունը պետք է վճարի 23 500 եվրո

ՄԻԵԴ-ն այսօր՝ նոյեմբերի 8-ին, հրապարակել է «Հովհաննիսյանն ու Նազարյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը, որը վերաբերում է Արտակ Նազարյանի մահվանը բանակում գտնվելու ժամանակ և դրան հաջորդած քննությանը։

Դատարանը պարտավորեցրել է ՀՀ իշխանություններին Ծովինար Նազարյանին և Հասմիկ Հովհաննիսյանին վճարել 20 հազար եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում և 3500 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:

Նշվում է, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են կանխել լեյտենանտի մահը, որը հակված է եղել ինքնասպանության, ինչպես նաև հետաքննության ընթացքում եղել են թերություններ։

Դատարանը գտել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը վերաբերում է կյանքի իրավունքին։ Մասնավորապես, զինված ուժերում հոգեբանական աջակցության համակարգի բացակայության պատճառով Ա. Նազարյանին աջակցություն չի ցուցաբերվել՝ չնայած վերջինիս ինքնասպանություն գործելու ակնհայտ ռիսկին։ Ավելին, իշխանությունները չեն կարողացել ձեռնարկել համապատասխան և արդյունավետ միջոցներ՝ կանխելու այդ ռիսկի իրականացումը: Հետևաբար, պետությունը չի կատարել իր պարտավորությունը՝ համապատասխան միջոցներ չի ձեռնարկել զինվորական ծառայության ընթացքում նրա կյանքը պաշտպանելու համար։

Դատարանը նաև համարել է, որ գործի հետաքննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել և չի կարողացել պաշտպանել դիմումատուների շահերը և նրանց հնարավորություն չի տվել պատշաճ կերպով իրականացնել իրենց իրավունքները։

Արտակ Նազարյանին մահացած էին գտել 2010 թվականի հուլիսի 27-ին հենակետում՝ բերանի շրջանում հրազենային վնասվածքով։

Նմանատիպ նյութեր