211652_close_icon
views-count1248 դիտում article-date 21:13 07-11-2022

ԵՄ-ն արդեն ավելի քան 22 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային. Բորել

Ուկրաինային արդեն ավելի քան 22 մլրդ եվրո է հատկացվել ԵՄ-ի գծով. Եվրամիությունը կշարունակի Կիեւին աջակցություն ցուցաբերել բոլոր հնարավոր միջոցներով: Այդ մասին ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը գրել է G7-ի պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդակցության արդյունքներին նվիրված ամփոփագրի իր բլոգում, որն անցած շաբաթ տեղի է ունեցել գերմանական Մյունսթերում:

«Մեր անդամ պետությունների հետ միասին ԵՄ-ն ավելի քան 19 մլրդ եվրո է մոբիլիզացրել Ուկրաինայի տնտեսական, սոցիալական եւ ֆինանսական կայունության համար եւ 3,1 մլրդ եվրո՝ որպես ռազմական աջակցություն: Մեր օգնությունը նաեւ ներառում է տեխնիկական աջակցություն էներգետիկական ենթակառուցվածքի վերանորոգման եւ էլեկտրաէներգիայի լրացուցիչ մշակման ապահովման համար: Մենք նաեւ կմեծացնենք մեր հումանիտար օգնությունը, որն ավելի հրատապ է դարձել վերահաս ձմռան կապակցությամբ»,- Բորելը հաղորդել է երկուշաբթի օրը հրապարակված հոդվածում:

Նրա խոսքով՝ «Ուկրաինայի տնտեսությունը գործուն վիճակում պահելը մնում է հանգուցային խնդիր»:

Նա հիշեցրել է Եվրահանձնաժողովի՝ ավելի վաղ հնչեցրած խոստումը՝ մինչեւ18 մլրդ եվրո ընդհանուր գումարի ամսական մինչեւ 1,5 մլրդ եվրոյի չափով ֆինանսական փաթեթի հատկացումը, «որպեսզի զգալիորեն ծածկի 2023 թվականի ֆինանսավորման Ուկրաինայի կարիքները»:

«Մենք նաեւ քննարկել ենք աշխարհում Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն ապահովելու կարեւորությունը եւ լիովին աջակցել սեւծովյան հացահատիկային նախաձեռնությանը Ռուսաստանի մասնակցությունը վերսկսելու ՄԱԿ-ի ջանքերը: Չափազանց կարեւոր է, որպեսզի համաձայնագիրը երկարացվի նոյեմբերի 19-ից հետո»,- ընդգծել է արտաքին գործերի գծով ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր