211652_close_icon
views-count1356 դիտում article-date 13:58 07-11-2022

Ֆրանսիայում գործող պարային համույթը Գավառի արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ պարային ներկայացումներ կբեմականացնի

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է  ֆրանսիական «Միշել-Ալե-Էգայան» պարային համույթի հիմնադիր Միշել-Ալե-Էգայանին, նույն համույթի տնօրեն Բրունո Միաշոնին եւ «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցին։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հյուրերը  մարզպետին են ներկայացրել  Գավառ եւ Սեւան համայնքների արվեստի դպրոցների հետ ունեցած համագործակցության եւ իրականացվող ծրագրերի մասին։

Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտամենտի աջակցությամբ արդեն 5-րդ տարին է, ինչ ֆրանսիական «Միշել-Ալե Էգայան» պարային համույթի մասնագետները պարային ատելյեներ են անցկացնում Գավառի արվեստի դպրոցի պարի խմբի սաների եւ ֆրանսերենի ուսուցման դասընթացների մասնակից ուսանողների շրջանում։

«Մենք ձգտում ենք մանկավարժական աշխատանքը զուգակցել արտիստիկ-դերասանական աշխատանքի հետ։ Այդ գաղափարը կյանքի ենք կոչում ֆրանսիայի մշակութային կյանքում եւ փորձում ենք այն տեղափոխել նաեւ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզ։ Արդեն 12 օր է, ինչ Հայաստանում ենք եւ աշխատում ենք Գավառի արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ բեմականացնել պարային ներկայացումներ, որոնք, համոզված եմ, առաջիկայում կներկայացնենք հանդիսատեսին։ Ունենք բազմաթիվ նոր գաղափարներ եւ ծրագրեր, եւ կցանկանանք դրանց վերաբերյալ քննարկում կազմակերպել մարզպետարանի եւ մեզ հետ համագործակցող մշակութային հաստատությունների ղեկավարների հետ։ Մենք ցանկանում ենք նաեւ համագործակցություն ստեղծել Գեղարքունիքի մարզի եւ մայրաքաղաքի մեր գործընկերների միջեւ՝ Գեղարքունիքի մարզի դասավանդողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով»,- նշել են  պարային համույթի ղեկավարները։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել կրկին մարզ այցելելու եւ տարբեր համայնքների հետ մշակութային համագործակցություն ծավալելու համար, հավելելով, որ պատրաստ է ֆրանսիական կողմի հետ քննարկել նաեւ առաջիկա տարիներին մարզի համար նախատեսվող նոր գաղափարներն ու ծրագրերը։

Նմանատիպ նյութեր