211652_close_icon
views-count1360 դիտում article-date 23:34 01-11-2022

ԱԱՀ-ի մասով 2021 թ. հունվար-սեպտեմբերին վերադարձը կազմել է 108,9 մլրդ, 2022 թ. նույն ժամանակահատվածի համար՝ արդեն 139,8 մլրդ դրամ

ՀՀ ֆինանսների նախարարության վերջին տվյալներով 2023 թ. անվանական ՀՆԱ-ն կանխատեսվում է 9,3 տրիլիոն, ՀՆԱ-ի իրական աճը 7 տոկոս՝ 2022 թ. համար սպասվող 11 տոկոսի դիմաց. նշել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում գալիք տարվա բյուջետային գլխավոր փաստաթղթի մանրամասները ներկայացնելիս: Նա անդրադարձել է լրացուցիչ հարկային եկամուտների վրա ազդող տնտեսական, օրենսդրական ու վարչարարական գործոններին:

Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ ԱԱՀ-ի մասով 2021 թ. հունվար-սեպտեմբերին վերադարձը կազմել է 108,9 մլրդ, 2022 թ. նույն ժամանակահատվածի համար՝ արդեն 139,8 մլրդ դրամ: Եկամտային հարկի վերադարձը 2021 թ. առաջին 9 ամիսներին եղել է 18,1 մլրդ, իսկ 2022 թ.՝ 30,8 մլրդ դրամ, որից 25,8 մլրդ դրամը հիպոտեկային ծրագրի շահառուներին է վերաբերում: Թեպետ շահառուների շրջանակը սահմանափակվել է, սակայն դեռեւս աճման միտում կա:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցին ի պատասխան՝ ՊԵԿ նախագահը ներկայացրել է իր դիրքորոշումը, որով եկամտային հարկի վերադարձը պետք է գումարվի հավաքագրվող եկամուտներին եւ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը ճշգրտվի:

Ռուստամ Բադասյանը մանրամասնել է իրականացվող բարեփոխումների շրջանակը, խոսել Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքների շարունակման մասին: Զեկուցողը, անդրադառնալով Երեւանի ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքներին, նշել է, որ տնտեսվարողների սպասարկումն իրականացվելու է «մեկ պատուհանի» սկզբունքով, ներկայացված են լինելու բոլոր այն պետական մարմինները, որոնք ներգրավված են ներմուծման եւ արտահանման թույլատրման գործընթացներում: Երեւանի ԱՏԳ կենտրոնում 7 օր բեռնատարները կարող են անվճար կանգնել, մաքսազերծում անցնել: Այսինքն՝ տարածքի եւ ենթակառուցվածքների օգտագործումը լինելու է անվճար:

Հաջորդը՝ Բագրատաշենի մաքսակետի վերակառուցումն է. ֆիզիկական անձանց հոսքերի, երթեւեկության եւ բեռնատարների համար իրականացվող գործընթացների տարանջատում է նախատեսվում: Մաքսային հսկողության մի մասում միայն ֆիզիկական անձանց հոսքն է սպասարկվելու, մյուս մասում՝ բեռնատարների՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման մասով: Մաքսակետի տարածք մուտքն ու ելքը նախատեսվում է՝ ըստ տնտեսվարողների ռիսկայնության աստիճանի:

Այս տարվանից ներդրվում է նախնական հայտարարագրման համակարգը, որով մինչեւ սահմանային անցման կետ հասնելը հարկ վճարողն իրավունք ունի ներկայացնելու նախնական մաքսային հայտարարագիր, մինչեւ սահմանային անցման կետ հասնելը ռիսկերի համակարգն աշխատում է, եւ բացթողումը տեղի է ունենում սահմանային անցման կետից: Այսինքն՝ 2-3 օր տեւող մաքսազերծման գործընթացը կտեւի մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ: Արդեն շուրջ 1500 հայտարարագիր սպասարկվել է, եւ թիվն աճման միտում ունի: «Մենք խրախուսում ենք, որ այս համակարգը զարգանա»,-ասել է նա:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, կարեւորելով ոլորտում իրականացված զգալի բարեփոխումները, հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է փոքր տնտեսվարողների գործունեությանը՝ նշելով, որ վերջիններս հաճախ հրաժարվում են մատակարարների կողմից տրվող օրինական ապրանքից: Պատճառն այն է, որ նրանք խուսափում են ՀԴՄ տրամադրելուց եւ հարկային մուծումներից: «Արդյո՞ք սա կապ ունի մինչեւ 24 մլն դրամ շրջանառությամբ տնտեսվարողներին չհարկելու օրինագծի հետ»,-փորձել է պարզել ԱԺ փոխնախագահը:

ՓՄՁ հարկային վարչարարության խնդիրներից խոսելով՝ ՊԵԿ նախագահը ներկայացրել է ՀԴՄ ֆիսկալ արդյունքը. 2021 թ. դուրս է գրվել շուրջ 389 մլն կտրոն՝ 1,5 տրիլիոնի, 2022 թ. դուրս է գրվել 419 մլն կտրոն՝ 1,7 տրիլիոնի: Ըստ Ռուստամ Բադասյանի՝ հարկային կարգապահությունը եւ հարկային վարչարարությունը տարեցտարի բարելավվել է: Նա համաձայնել է Հակոբ Արշակյանի հետ, որ հատուկ հարկման համակարգերում գործելը նպաստում է վերոնշյալ խնդրի առկայությանը: ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ Ֆինանսների նախարարությունն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով եկամտային հարկի մասով աշխատողների միջեւ հավասարություն կապահովվի, եւ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի շրջանակում գործողները եւս իրենց եկամտային հարկի պարտավորությունները կկատարեն ընդհանուր կարգով:

Բաբկեն Թունյանն էլ հետաքրքրվել է ՀԴՄ սարքերով անկանխիկ վճարումների համակարգով եւ անկանխիկ վճարումների օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մուտքերի ու ստվերի վրա ունեցած ազդեցությամբ:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ շուրջ 60,000 ՀԴՄ-ից մոտ 22,000 է ակտիվացված, բայց շուրջ 30,000-ից ավելի սուբյեկտ արդեն դիմել է: Դիմումների հոսքերը շատ են, չեն հասցնում սպասարկել: Նշվել է, որ ԿԲ-ն որոշակի բարելավում էր արել. օրական 1000 ՀԴՄ պետք է ակտիվացվի:

«Մենք հաջորդ տարվա համար գնահատել ենք այն կանխավարկածով, որ, ընդհանուր առմամբ, բոլոր ՀԴՄ-ները POS տերիմինալի ֆունկցիա կունենան: Ոչ միայն անկանխիկ, այլ նաեւ մի շարք այլ վարչարարական միջոցառումների հետ համատեղ, գնահատել ենք, որ 20 մլրդից ավելի կարող է ազդեցություն ունենալ: Բայց, միանշանակ, դրական ազդեցություն է ունենալու: Սպասենք բոլորն ակտիվացնեն եւ դիտարկումներն անենք»,-ասել է ՊԵԿ նախագահը:

Նմանատիպ նյութեր