Մենք պետք է գիտելիք և փորձ ներգրավենք սփյուռքից․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Համաշխարհային հայկական գագաթնաժողովը լավ առիթ է գաղափարները մեկտեղելու և ավելի լավ արդյունք ստանալու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Մկրտչյանը, կարևորելով Համաշխարհային հայկական գագաթնաժողովի դերը, ընդգծել է, որ այն հայրենիքի և սփյուռքի միջև երկխոսություն է ապահովում։ Նրա համոզմամբ՝ պետք է հնարավորինս շատ կազմակերպել նման երկխոսություններ, որոնք հնարավորություն կտան ներկայացնել առկա մարտահրավերները, խնդիրները և դրանց լուծումները։
Նախարարը շեշտել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մասնավորապես, հետճգնաժամային ժամանակահատվածում այն պետական գերատեսչություններից մեկն էր, որի վրա էր ընկած այդ ճգնաժամը հաղթահարելու բեռի մի հատվածը։
«Մենք պետք է գիտելիք և փորձ ներգրավենք սփյուռքից։ Այս աշխարհում և՛ գիտելիքը, և՛ գաղափարները բավականին խոսուն են, որոնք պետք է ուղղորդվեն հայրենիք։ Սփյուռքը քաղաքակրթության պատուհան պետք է լինի։ Նաև մենք ինքներս պետք է գաղափար առաջադրող լինենք։ Լինելով փոքր պետություն, բայց գլոբալ ազգ՝ պետք է կարողանանք գաղափարներ գեներացնել»,- եզրափակել է նախարարը։