211652_close_icon
views-count2401 դիտում article-date 17:14 28-10-2022

Կրեմլը հրապարակել է Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը

Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգը:

Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Պլանավորվում է քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը: Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը և զարգացմանը վերաբերվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախատեսված են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Նմանատիպ նյութեր