211652_close_icon
views-count744 դիտում article-date 21:40 26-10-2022

Պատգամավորական մանդատը հնարավորություն է տալիս պայքարի հավելյալ ճակատներ ապահովել. Հայկ Մամիջանյան

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Շուրջ մեկ տարի առաջ, երբ ձևավորվում էր ութերորդ գումարման ԱԺ-ն, մենք բազմիցս նշել ենք, որ պատգամավորական մանդատը մեզ համար հանդիսանում է բացառապես պայքարի գործիք, և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար: Իսկ ՀՀԿ-ն, լինելով առաջամարտիկներից մեկը թե՛ փողոցային, թե՛ պառլամենտական պայքարի ձևաչափերում, բազմիցս ապացուցել է, որ Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են։

Ի համերաշխություն մեր ընդդիմադիր խորհրդարանական գործընկերներին՝ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ներկա են գտնվել ԱԺ լիագումար նիստերի հայտարարության ժամին:

Իսկ այսօր մեր խմբակցության պատգամավորների մասնակցությունը ԱԺ քվեարկությանը պայմանավորված էր մեկ պարզ տրամաբանությամբ. Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող զարգացումները անխուսափելիորեն հանգրվանելու են Ազգային ժողովում, ինչպես նաև Սահմանադրական դատարանում: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում պատգամավորական մանդատը հնարավորություն է տալիս պայքարի հավելյալ ճակատներ ապահովել: Նշեմ, որ մեր որոշման վերաբերյալ մեր բոլոր գործընկերները տեղեկացվել են նախապես։

Խմբակցությունն այսօր իր ամբողջական կազմով չի գտնվել դահլիճում՝ պայմանավորված պատգամավորներից 2-ի գործուղումներով․ Թագուհի Թովմասյանը «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակներում գտնվում է Օտտավայում, իսկ ես՝ Բրյուսելում՝ կուսակցական դիվանագիտության խողովակներն ու կապերը ծառայեցնելու ի շահ Հայաստանի և Արցախի»,- գրել է նա:

Նշենք, որ հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկություններով ընդունել են նախորդ օրը քննարկված բոլոր օրենքների նախագծերը: Քվերակությանը մասնակցել են նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները` դեմ քվեարկելով նախագծերին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր