211652_close_icon
views-count654 դիտում article-date 16:11 21-10-2022

Արմեն Փամբուխչյանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության վերաբերյալ հարցեր

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Խումբը Հայաստան է ժամանել տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՀԲ թիմի անդամները՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Թավաձվա Իրվին Դուբեինը, աղետների ռիսկի մասնագետ Կեիկո Սակոդայինն և քաղաքաշինության վերլուծաբան Նոռա Միրզոյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ա. Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել մինչև օրս բանկի կողմից և համատեղ իրականացված ծրագրերի համար: Գերատեսչության ղեկավարը համագործակցությունից առանձնացրել է հրշեջ-փրկարարական կայանների օպտիմալացման վերաբերյալ ՀԲ զեկույցը, որում մատնանշված են շենքային պայմանների բարելավման և տեխնիկական աջակցության ուղիները: Նախարար Փամբուխչյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բանկի կողմից իրականացվող ծրագրերին՝ դրանց արդյունավետ ընթացքն ապահովելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թավաձվա Իրվին Դուբեինն իր հերթին տեղեկացրել է, որ զեկույցում առաջարկվում է ներդրումների մի քանի տարբերակ՝ նախատեսված տարբեր ուղղվածությամբ ծրագրերի համար: Բացի այդ, առաջադրանքի թիմի ղեկավարը ներկայացրել է ԱԻՆ փրկարար և հրշեջ ծառայությունների ֆունկցիոնալ գնահատումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բնական աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված տեխնիկական աջակցությանը և քննարկել առաջարկներն իրացնելուն ուղղված հետագա քայլերը:

Նմանատիպ նյութեր