211652_close_icon
views-count1354 դիտում article-date 19:18 18-10-2022

ՀՀ ԱԳ նախարարի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. ՏԵ

Տիկի՛ն նախարար,
Սիրելի՛ գործընկեր,
Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ հյուրընկալել Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտին: Ավելի քան մեկ տասնամյակ դադարից հետո սա նորվեգական կողմի առաջին բարձրաստիճան այցն է Հայաստան:

Մենք գնահատում ենք բարեկամ Նորվեգիայի արտգործնախարարի ներկայությունը Երևանում, հատկապես` բազում մարտահրավերներով լի ներկայիս ժամանակահատվածում, ինչը, միանշանակ, հայ ժողովրդի հետ Նորվեգիայի համերաշխության նշան է:

Հատկանշական է, որ Ձեր այցը տեղի է ունենում Հայաստանի և Նորվեգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում: Հայ-նորվեգական համագործակցությունը խարսխված է ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա։ Այս համատեքստում բարձր ենք գնահատում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերին Նորվեգիայի աջակցությունը։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Նորվեգիան հանդիսանում է Հայաստան - Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ․ գործողությունների ծրագրի ամենամեծ կամավոր հատկացում կատարած երկիրը։ Միաժամանակ, երախտագիտություն եմ հայտնում COVID-19 համավարակի դեմ պայքարում Նորվեգիայի ցուցաբերած աննախադեպ աջակցության համար։

Այսօր տիկին նախարարի հետ անդրադարձել ենք Հայաստանի և Նորվեգիայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Այս առումով կցանկանայի ընդգծել մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների դերակատարումը՝ կարևորելով պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։

Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել՝ առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ: Որպես տնտեսական համագործակցության հեռանկարային ոլորտներ առանձնացրել ենք տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, ինչպես նաև թվային կառավարումը։

Տեղեկացնեմ նաև, որ այսօր տիկին նախարարի հետ այցելել ենք Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հայ ժողովուրդը մեծարանքով և երախտագիտությամբ է հիշում նորվեգացի հումանիստ, մեր ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին և միսիոներուհի Բոդիլ Բյորնին։ Որպես հարգանքի տուրք՝ նորվեգացի երկու մեծանուն հումանիստների գերեզմանների հողն ամփոփված է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի մեջ: Կարող ենք արձանագրել, որ Նորվեգիայի՝ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ դառնալու հիմքը նաև այս անհատներն են եղել։

Հարգելի՛ ներկաներ,

Մեր քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների մանրամասները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը:

Քննարկել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Մենք գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը՝ ի աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքիշխանությանը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների խնդրի շուրջ։

Այս համատեքստում լիահույս ենք, որ Նորվեգիան՝ որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը։

Ադրբեջանի կողմից նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում շեշտել եմ սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը և այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Նորվեգիայի աջակցությունը: Վերահաստատել եմ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը՝ վերստին ընդգծելով ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման անընդունելիությունը:

Տիկի՛ն նախարար,

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բովանդակային քննարկման համար և խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ։

***
Հարց. Շնորհակալություն, պարոն Միրզոյան, իմ հարցը Ձեզ է ուղղված: Երեկ Եվրամիության դեսպանները հաստատեցին. Հայաստան դիտորդական առաքելություն է գալու։ Ինձ հետաքրքրում է, թե Երևանը ինչ ակնկալիքներ ունի այս առաքելությունից․ նրանց թիվն ու այստեղ գալու ժամկետները շատ մեծ չէ:

Պատասխան. Ըստ էության, մեր ակնկալիքները փոփոխության չեն ենթարկվել․ մենք ակնկալում ենք միջազգային մասնակցություն, միջազգային դերակատարում Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում։ Սա լայն իմաստով:
Իսկ եթե մասնավորեցնենք, ապա պետք է ասեմ, որ մեր ակնալիքն է, որ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա, և այդ փաստերը կվկայեն, որ Հայաստանի պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, և կա ադրբեջանական զորքերի ներխուժում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում են իրականությանը: Բայց նաև, իհարկե, պետք է այս առաքելությանը վերագրենք հետագա նոր հարձակումների, նոր ագրեսիայի կանխման կարևոր առաքելություն, և, ինչպես արդեն սկզբում ասացի, ավելի լայն իմաստով` կայուն խաղաղության հաստատումը: Եվ ես հույս ունեմ, որ Եվրամիությունից եկող այս առաքելությունը դերակատարում կունենա այդ հարցում:

Հարց. Որպես հարցի շարունակություն, թեման շարունակելով, Ձեր ռուս գործընկերոջ հետ վերջին հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ՀԱՊԿ-ի կողմից դիտորդներ ուղարկելու թեմային: Ուզում էի իմանալ` որևէ զարգացում կա այս հարցում: Եվ նաև որոշ տեղեկություններ կան, որ դիմում է եղել նաև ԵԱՀԿ-ին դիտորդների թեմայով։ Արդյո՞ք Երևանը դիմել է ԵԱՀԿ-ին` Հայաստանի սահմաններ դիտորդներ ուղարկելու համար: Շնորհակալություն:

Պատասխան. Այո, իրավացի եք: Քննարկվում է նաև մեր սահմանագծին, ՀՀ տարածքի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: Շատ մոտ ապագայում մենք այս մասով ևս հստակություն կունենանք:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ինչպես գիտեք, մենք դիմել ենք կազմակերպությանը, որին անդամակցում ենք, և այդ կազմակերպությունում որոշում է կայացվել, այսպես ասած, նախնական դիտորդական կամ փաստահավաք առաքելություն ուղարկել։ Եկել են այդ պաշտոնյաները և իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել: Զեկույցը ներկայացված է բոլոր անդամ պետություններին։ Քարտուղարությունը նաև զեկույցի հիման վրա այժմ որոշման նախագիծ է շրջանառել:

Մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ, մինչ այս պահը գոնե, երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի՝ այսինքն բարձրագույն մարմնի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաև այդ նոր դիտորդական առաքելության գործուղումը։ Այս փուլում ենք այժմ։ Որոշում չկա, քննարկումներ կան։ Պետք է տեղի ունենա խորհրդի նիստ:

Նաև այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները: Մեզ նախ և առաջ պետք է հասկանալ, որքանով է կազմակերպությունը ճանաչում իրավիճակը, որը կա, այն է` ագրեսիա Հայաստանի Հանրապետության դեմ և ներխուժում ՀՀ սուվերեն տարածք:

Հարց․ Պարո՛ն նախարար, երեկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանն իրավացիորեն ասում է, որ Լաչինի միջանքը և Զանգեզուրի միջանցքը պետք է ունենան նույն կարգավիճակը: Եվ այդ առումով ևս մեկ հարց կուղղեմ․ նաև Թուրքիայի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել Ձեզ հետ հանդիպելու: Ինչ կարող եք ասել այդ երկու հարցի շուրջ։ Նաև ինչ պետք է ակնկալենք Թուրքիա-Հայաստան գործընթացի հետ կապված ապագայում։ Շնորհակալություն:

Պատասխան. Դուք մեջբերեցիք հետևյալ կերպ. «Ադրբեջանն իրավացիորեն ասում է…»: Ես պիտի ասեմ, որ այս ձևակերպման մեջ մեծ չափազանցություն կա։ Ադրբեջանը, պետք է տեղեկացնեմ, այդպիսի բան չի ասում, և այդպիսի բան ասողները, վստահաբար, իրավացիորեն չեն կարող դա ասել։

Ես չեմ թաքցնի, բանակցություններում Ադրբեջանը կամ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը։ Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս կոմպոնենտն է մտցնում բանակցություններում, ապա երևի լավ կլինի` իր անունից ասի։ Կրկնում եմ, Ադրբեջանն այդպիսի բան չի ասում և չի էլ կարող, ըստ էության, որևէ կողմը իրավացիորեն այսպիսի բան պնդել, որովհետև կարգավորումները տրված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հետագայում նաև բացվել են 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ։

Երկու հայտարարություններն էլ հրապարակային են, դրված են երկրների պաշտոնական կայքերում, և բոլորը կարող են ծանոթանալ։ Այնտեղ կա Լաչինի միջանցք, որը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղի հայության համար, և կա հաջորդիվ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման թեմա: Եվ այս համատեքստում նաև խոսվում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև նոր կապուղու մասին։

Այս առումով մեր դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք․ այն չի փոփոխվել։ Բոլոր ճանապարհները, այդ թվում` և՛ գործողները, և՛ ենթադրաբար նոր կառուցվելիքները, եթե կլինեն այդպիսիք, պետք է գործեն այն երկրների սուվերենության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Իմ սուբյեկտիվ ընկալմամբ, այս առումով որոշակի առաջընթաց կա, և ես լավատես եմ, որ այս ուղղությամբ բանակցություններն առաջիկայում հաջողությամբ կարող են ավարտվել։

Թուրքիայի հետ մեր երկխոսության մասով. մենք ևս մշտապես բաց և հրապարակային ենք արտահայտել մեր դիրքորոշումը։ Մենք շահագրգռված ենք երկխոսության հաջողությամբ և որևէ հանդիպում, որ կօգնի հասնել այդ հաջող ավարտին, իհարկե, կարող է տեղի ունենալ: Ես երբեք դեմ չեմ եղել այդպիսի հանդիպմանը։
Այլ բան, ես կարծում եմ, որ այս հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն և լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ուղղությամբ։ Ես կրկնում, եմ պատրաստ եմ այդպիսի հանդիպման։ Հուսամ, այդպիսի հանդիպումը, ի վերջո, շոշափելի արդյունքներ կգրանցի, եթե տեղի ունենա։

Հարց. Պարո՛ն նախարար, վերջին շրջանում ակտիվ դիվանագիտական շփումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև։ Նախ, Ձեր հանդիպումն էր Ժնևում Բայրամովի հետ, հետո` Պրահայում քառակողմ հանդիպումը, այնուհետև` Աստանայում եռակողմը։ Ո՞րն է հաջորդիվ, ի՞նչ սպասենք հաջորդիվ, և ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ հայկական կողմը նման ակտիվ դիվանագիտական շփումներից։ Շնորհակալություն:

Պատասխան. Շնորհակալ եմ։ Ես պետք է ասեմ, որ, ըստ էության, այո, վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում, և մենք պարտաստ ենք և ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի նույն ինտենսիվությամբ ակտիվ աշխատանքներ շարունակվեն՝ տարածաշրջանում, ի վերջո, իսկապես կայուն և երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու համար։

Այս առումով մեր ակնկալիքները և տրամադրվածությունը չի փոխվել։ Այլ բան, որ մենք զուգահեռ այս բանակցությունների շարունակաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից ոչ կոնստրուկտիվ, ես կասեի, առավելապաշտական պահվածք։ Տեսնում ենք նաև ուժի գործադրման, կամ ուժի գործադրման սպառնալիքի միջոցով այդ բանակցությունների վրա ազդելու ցանկություն և փորձ։ Միայն այսպես, այս համատեքստում և այս մեկնաբանությամբ եմ ես տեսնում Ադրբեջանի վերջին ագրեսիան։

Մենք գիտենք նաև, որ դրանից առաջ եղել է ևս մեկ ագրեսիա, դրանից առաջ եղել է ևս մեկ սադրիչ գործողություն և նաև հռետորաբանությունը։ Ես պետք է ասեմ, որ ակնհայտորեն այդպիսի գործողությունները չեն նպաստում կառուցողական մթնոլորտին և կառուցողական բանակցություններին։ Չնայած դրան, և շարունակելով մեր նախկին գործելաոճը և արտահայտելով մեր նախկին համոզմունքը՝ մենք կարծում ենք, որ վերջնական լուծումների պետք է հանգենք բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պատրաստ ենք շարունակել այդ ջանքերը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր