2532 դիտում
21:39 02-12-2019
Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանը լրագրողների հարցերին Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ներկայացնում ենք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանը լրագրողների հարցերին Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսին.
«Հարգելի՛ գործընկերներ, ներկաներ,
Ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության Արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիին։
Հարգելի՛ գործընկեր, սիրելի՛ Այման,
Ինձ համար իրապես մեծ պատիվ է ողջունել Ձեզ Հայաստանում Ձեր առաջին այցի կապակցությամբ: Հավատացած եմ, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի մեր դարավոր բարեկամությանը և սկիզբ կդառնա առավել ամուր և կառուցողական երկխոսության համար:
Հայ և արաբ ժողովուրդների հարաբերությունները և բարեկամությունը, ինչպես գիտեք, ունեն հազարամյակների պատմություն։ Հայ-հորդանանյան հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջև մշակութային փոխհարստացումներով ու բարեկամական ջերմ զգացումներով, որի ապացույցն է այն, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայեր ապաստան են գտել Հորդանանում: Մենք խորապես երախտապարտ ենք Հորդանանի ժողովրդին և առաջնորդներին մեր պատմության ամենածանր օրերին մեր կողքին լինելու համար և ուրախ ենք նաև, որ ցեղասպանության վերապրածները և նրանց ժառանգները ներդրում են ունեցել և շարունակում ունենալ իրենց hորդանանյան հայրենիքում։
Մենք լավատես ենք հայ-հորդանանյան քաղաքական ու տնտեսական հարաբերություններին նոր մակարդակ հաղորդելու հարցում։ Իհարկե, առկա է տարբեր ոլորտներում համագործակցության առավել զարգացման և հարստացման դեռևս չօգտագործված ներուժ, սակայն այսօր վստահությամբ կարող եմ նշել նաև, որ առկա է երկկողմ պատրաստակամություն գործնական քայլեր ձեռնարկելու այդ ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ: Արտաքին գործերի նախարարի այս այցը, ինչպես նաև այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք բերեցինք, և հեռանկարները, որոնք ուրվագծեցինք մեր հանդիպման ընթացքում, դրա վառ վկայությունն են: Այս համատեքստում բնականաբար դիտարկում ենք նաև այն հնարավորությունները, որոնք բացվում են մեր՝ այլ տարբեր հարթակներում աշխատանքով, մեր դեպքում, ինչպես օրինակ՝ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ։
Իրականում, բավական ընդարձակ քննարկում ունեցանք արտգործնախարարի՝ իմ գործընկերոջ հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ շրջանակներում՝ ինչպես մենք կարող ենք ամրապնդել և խորացնել համագործակցությունը մեր համապատասխան ոլորտներում: Կան բավական հետաքրքիր հեռանկարներ. և՛ բարձր տեխնոլոգիաների, և՛ ագրոբիզնեսի, և՛ զբոսաշրջության, և՛ դեղագործության և այլ բնագավառներում, որտեղ իրապես հնարավոր է անել շատ գործնական քայլեր: Մենք այսօր կարողացանք միասին ուրվագծել այն, ինչ մեզնից է կախված. ստեղծել հարթակները, որտեղ մեր գործարար շրջանակները կկարողանան շատ ավելի կոնկրետ համաձայնությունների գալ: Այդ հեռանկարները չափազանց տեսանելի են, և շատ ուրախ եմ, որ մեր երկխոսությունը եղավ չափազանց գործնական այդ առումով։
Մենք ունենք նաև համագործակցության լավ փորձ գիտակրթական ոլորտում. շուրջ հինգ տարի հաջողությամբ գործում է ուսանողների փոխանակման ծրագիրը: Առկա է երկխոսության ներուժ նաև անվտանգության բնագավառում։ Վերադառնալով ուսանողների փոխանակմանը՝ մենք ունենք ուսանողների փոխանակման լավ ծրագիր, որով Հայաստանից ուսանողներն ուսանում են Հորդանանում և նաև Հորդանանից ուսանողներ գալիս են ուսանելու մեր բուհերում. այդ ծրագիրը շարունակական է։
Ես արդեն խոսեցի այն հեռանկարների, այն ծրագրերի մասին, որոնց շուրջ մենք միասին աշխատելու ենք։
Երևանի ու Ամմանի միջև ուղիղ թռիչքների հաստատումը ևս կնպաստի երկկողմ հարաբերությունների սերտացմանը։ Այս հարցով նույնպես ունեցանք որոշ քննարկումներ իմ գործընկերոջ հետ և կփորձենք մեր կողմից անել հնարավորինն իրականցնելու համար, ինչը, բնականաբար, նպաստում է նաև զբոսաշրջության զարգացմանը: Ինքս անձամբ հետաքրքրված կլինեմ այցելել այն հիասքանչ վայրերը, որոնք գտնվում են Հորդանանում և որոնք համամարդկային ժառանգություն են հանդիսանում։ Եվ, բնականաբար, մենք Հայաստանում նույնպես շատ հպարտ ենք մեր հսկայական զբոսաշրջային հնարավորություններով՝ պատմական, պատմամշակութային հարստությամբ։
Մենք գործընկերոջս հետ քննարկեցինք նաև միջազգային հարաբերությունների ու տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարեցինք Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին: Հայ ժողովուրդը մշտապես ներկա է եղել Մերձավոր Արևելքում, և այդ ներկայությունը մեր ինքնության կարևոր մասն է: Տարածաշրջանի ժողովուրդների հետ մենք կիսել ենք թե՛ տարածաշրջանի հաջողությունները և թե՛ մարտահրավերները: Եվ այսօր, երբ հայկական համայնքներն այլ կրոնական և ազգային խմբերի հետ մեկտեղ դիմակայում են օտարերկրյա ռազմական ինտերվենցիայի, ահաբեկչության հետ առնչվող բազմաթիվ խնդիրների, տարածաշրջանում Հայաստանի և Հորդանանի համագործակցությունն առավել քան կարևոր է։
Նաև գործընկերոջս, բնականաբար, ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները: Ընդգծեցի խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը:
Վստահ եմ, որ այս այցը երկկողմ հարաբերություններում նոր էջ կբացի։
Թերևս այսքանով կավարտեմ։ Հարգելի՛ պարոն Սաֆադի, սիրելի՛ Այման, սիրելի՛ գործընկեր, բարի գալուստ Հայաստան։ Խոսքը փոխանցում եմ Ձեզ։
Սպուտնիկ Արմենիա. Պարո՛ն Մնացականյան, երկու հարց ունեմ Ձեզ ուղղված: Առաջինը վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ձեր հանդիպմանը, որն այսօր հաստատվեց՝ դեկտեմբերի 4-ը: Կցանկանայի՝ օրակարգից խոսեիք և ներկայացնեիք, թե ինչ հարցեր պետք է քննարկվեն, արդյո՞ք բուն կարգավորման մասին է խոսքը, թե՞ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, հումանիտար քայլերի մասին: Եվ երկրորդ հարցը. Ադրբեջանում տեղի են ունենում որոշակի քաղաքական գործընթացներ. նոր խորհրդարանական ընտրությունների մասին է խոսքը: Հաշվի առնելով, որ ներքին իրավիճակը միշտ ազդեցություն է թողել նաև արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես՝ բանակցային գործընթացի, արդյո՞ք որևէ փոփոխություն կամ ազդեցություն ակնկալում եք բանակցության վրա:
Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցերի համար: Ես այսպես կպատասխանեմ, որ մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որի մեջ կան բուն կարգավորմանը առնչվող հարցեր և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, որտեղ տեղի է ունենում խաղաղ կարգավորման գործընթացը: Եվ բոլորը շատ մեծ նշանակություն ունեն իրենց ամբողջության և համապարփակության մեջ: Այսօրվա դրությամբ դուք գիտեք մեր դիրքորոշումները, որոնք վերաբերում են բուն կարգավորման մեջ մեր գերակայություններին: Կրկնեմ, որ դրանք մեկ նախադասությամբ առնչվում են Արցախի անվտանգությանը և կարգավիճակին: Եվ, բնականաբար, մենք շարունակելու ենք փորձարկել և մշակել այն մոտեցումները, համադրումները, որտեղ մեզ անհրաժեշտ է լինելու տեսնել, որ մեր գերակա, կարևորագույն հարցերը ստանում են իրենց համապատասխան արտահայտությունը: Ինչ վերաբերում է հավասարաչափ կարևոր մյուս հարցերի շարքին, որոնք առնչվում են միջավայրին, սրանք նույնպես կարևոր հարցեր են: Գիտեք, որ մենք ունեցանք որոշ համեստ արդյունք անցած ամսվա ընթացքում և շարունակելու աշխատել այդ ուղղությամբ: Իհարկե՛, մեզ համար սա կարևոր է և հետաքրքրական:
Հավասարաչափ ընդգծում եմ բոլոր այն մեխանիզմների, միջոցառումների կարևորությունը, որոնք ուղղված են ռիսկերի էսկալացիայի նվազեցմանը: Վստահ եմ, որ շաբաթ օրը դուք տեսաք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որտեղ մենք ատահայտեցինք մեր դիրքորոշումը շփման գծում Արցախի ՊԲ զինծառայողի վիրավորման առնչությամբ: Բնականաբար, այդ մեխանիզմների, միջոցառումների իրականացումը, դրանք իրատեսական դարձնելը, զինադադարի ռեժիմի և անհրաժեշտ մյուս բոլոր միջոցների ամրապնդումը, որոնք նպաստում են և ապահովում էսկալացիայի ռիսկերի նվազեցում, նույնպես համարվում են չափազանց կարևոր հարց մեզ համար:
Երկրորդ հարցի կապակցությամբ կարող եմ ասել, որ մենք հավատարիմ ենք խաղաղ կարգավորմանը։ Մենք այս մեկուկես տարվա ընթացքում ի ցույց դրեցինք մեր կարողությունները և լրջությունը՝ խաղաղ գործընթացի մեջ ներգրավվելու և արդյունավետ աշխատելու: Մենք աշխատում ենք չորեքշաբթի օրը տեղի ունենալիք հանդիպման ուղղությամբ: Մենք գնում ենք մեր աշխատանքը կատարելու, մենք ունենք մեր գերակայությունները և աշխատելու ենք դրանց շուրջ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներքին զարգացումներին, ես զերծ կմնամ որևէ մեկնաբանություններից: Մենք գնում ենք մեր աշխատանքը կատարելու: Այս պահի դրությամբ՝ երևի թե այսքանը: Շնորհակալություն:
Առավոտ օրաթերթ. Պարո՛ն Մնացականյան, խնդրում եմ երկու հարցի արձագանքել. առաջինը վերաբերում է շվեդական կայքի հրապարակած փաստաթղթերին, ըստ որոնց Թուրքիան ռազմական գործողությունների ծրագիր է մշակել Հայաստանի դեմ: Հայկական դիվանագիտական գերատեսչությունը ի՞նչ մեկնաբանություն ունի այս առնչությամբ: Եվ թույլ տվեք նկատել, որ թուրքական իշխանական մամուլը ոչ թե հերքել է այդ փաստաթղթերի գոյությունը, այլ դրանք հրապարակող գյուլենական շարժմանը հարող լրագրողներին հայտարարել դավաճաններ:
Երկրորդ հարցը վերաբերում է Չավուշօղլուի հայտարարությանն առ այն, որ հայկական կողմն է ձախողել հայ-թուրքական արձանագրությունների ընթացքը՝ դրանք կասեցնելով և ապա առ ոչինչ հայտարարելով: Չավուշօղլուն նաև Հայաստանի նոր իշխանության մոտեցումները հայ-թուրքական արձանագրությունների և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անվանել է հակասական: Կխնդրեի պարզաբանել՝ որքանո՞վ են առկա փոփոխություններ Հայաստանի նոր իշխանության շրջանակներում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցերի համար: Ինչ վերաբերում է Ձեր առաջին հարցին և այդ հրապարակմանը, որ մենք բոլորս տեսել ենք, ես, անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակումը, դրա իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ պնդում կա, առաջին հերթին թուրքական կողմը պետք է դա անի, և որևէ արձագանք դեռևս նրանցից չենք լսել: Բնականաբար, հարցը իր մեջ պարունակում է լուրջ մտահոգություն, և մենք շարունակելու ենք դրան հետևել: Բայց առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ Ցյուրիխյան գործընթացին և արդյո՞ք հայկական կողմն է ձախողել․ անկեղծ ասած՝ մի հարց է, որի շուրջ խոսելը տարօրինակ է այն առումով, որ այս ամենը տեղի է ունեցել մեր աչքերի առաջ. բոլորս ականատես ենք եղել, միջազգային հանրությունը նույնպես ականատես է եղել, և այդ ամենը շատ թարմ է, թե ինչ է տեղի ունեցել 10 տարի առաջ՝ Ցյուրիխում, և ինչ զարգացում է տեղի ունեցել դրանից հետո: Դա այսօրվա պատմություն է։
Եթե Թուրքիան ներկայացնող մարդիկ որևէ բարդույթ չունեն խեղաթյուրելու մերօրյա պատմությունը, չեղարկելու իրենց հանձնարարությունները, արձանագրությունների տակ դրված իրենց ստորագրությունը, ձախողման մեջ մեղադրելու ուրիշներին, մասնավորապես՝ մեզ, ակնհայտ է, թե ինչ մեկնաբանություններ կարող են ունենալ 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի և փաստերի վերաբերյալ... Եթե իրենք խոսում են պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին, դա ոչ քիչ, ոչ շատ առաջարկ է համաձայնվելու ժխտողականությանը:
Ձեր երրորդ հարցը վերաբերում էր, որ մենք հակասական քաղաքականություն ենք վարում: Որևէ հակասություն մեր քաղաքականության մեջ չկա: Շատ հստակ է մեր քաղաքականությունը, մենք ասել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների առանց նախապայմանների, բայց դրա համար երկու կողմ է պահանջվում, իսկ երկրորդ կողմի քաղաքականությունն աշխատում է ամբողջովին այլ ուղղությամբ: Այո՛, Թուրքիայի սպառնալիք լինելն արտահայտվում է իր վարած քաղաքականությամբ, իր գործողություններով և իր հռետորաբանությամբ:
Դուք նշեցիք այն հրատարակումը, նշեցի, թե դրա իսկության վերաբերյալ որտեղից ենք մենք սպասում մեկնաբանություն, սակայն բացի դրանից, այն, ինչ որ մեր աչքերի առջև է տեղի ունենում՝ Հայաստանի շարունակվող շրջապատումը, հարաբերություններ հաստատելու ցանկության բացակայությունը, այդ ուղղությամբ որևէ քայլի բացակայությունը, Ադրբեջանին ռազմական-քաղաքական անվերապահ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի կոնտեքստում. այս ամենն իր ամբողջության մեջ արտահայտում է այն, ինչ կոչվում է անվտանգային սպառնալիք Հայաստանի համար: Որևէ հակասություն մեր մոտեցման կամ մեր քաղաքականության մեջ չկա. սպառնալիք է, որը բխում է իրականացվող քաղաքականությունից, գործողություններից և հռետորաբանությունից: Բայց նորից եմ կրկնում՝ Հայաստանը իր դիրքորոշումը արտահայտել է և մնում է հավատարիմ այդ դիրքորոշմանը:
Ինչ վերաբերում է Ցյուրիխի արձանագրություններին, Ցյուրիխի արձանագրությունները ժխտել է Թուրքիան, մերժել է Թուրքիան, իր հավատարմությունը իր իսկ ստորագրություններին ձախողել է հենց Թուրքիան: Շնորհակալություն:
ԱրմԻնֆո. Պարո՛ն Մնացականյան, հարցս Նժդեհի վերաբերյալ է: Գիտենք, որ մամուլում հիստերիա է շարունակվում այս հարցի շուրջ: Նաև հայտնվել են հրապարակումներ այն մասին, որ Ռուսաստանի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում ապամոնտաժվել է հուշատախտակը: Կցանկանայինք իմանալ Երևանի պաշտոնական դիրքորոշումը:
Զոհրաբ Մնացականյան. Եղել է մեկնաբանություն տեղի հայ համայնքի կողմից, որ հանվել է վերանորոգման նպատակով. դա համայնքի մեկնաբանությունն էր: Անկեղծ ասած, այս պահի դրությամբ, դեռևս երևում է որպես տարօրինակ պատմություն: Որոշ չափով ավելի համապարփակ տեղեկատվության կարիք ունենք և այդ ուղղությամբ մենք, մեր գործընկերները, Մոկվայում մեր դեսպանությունը աշխատում ենք: Պետք է ընդգծեմ, որ դա եկեղեցու տարածքում է, իր սեփականություն հանդիսացող տարածքում է, եկեղեցին գործում է առանձին, և՛ եկեղեցին և՛ պետությունը միմյանցից տարանջատված են: Եվ այդ առումով ես ուղղակի որոշ չափով զգուշություն պետք է ցուցաբերեմ իմ մեկնաբանությունների մեջ: Բնականաբար չէի ցանկանա, որ այս հարցը նաև այնպիսի զարգացում ստանա, որ վերաբերեր կրոնական փոքրամասնությունների իրավունքներին, տաներ մեզ կրոնական փոքրամասնությունների իրավունքների հարթություն: Այդ առումով է, որ դեռևս, հաշվի առնելով, որ առկա է եկեղեցու համայնքի կողմից արված հայտարարությունը, որոշ չափով լրացուցիչ տեղեկության կարիք ունենք և կշարունակենք հետևել: Շնորհակալություն»։