211652_close_icon
views-count1261 դիտում article-date 13:10 29-09-2022

Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաարն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է սեպտեմբերի 28-ի երեկոյան ադրբեջանական հերթական սադրանքին, որի հետևանքով զոհվել է 3 հայ զինծառայող:

Կլաարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր կրկին տեղեկություններ են ստացվել 3 հայ զինծառայողի սպանության և մեկ ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Այս և շատ այլ չարդարացված զոհեր սնուցում են ատելություն ու անկայունություն»,-նշել է Կլաարը:

Ըստ նրա՝ անվտանգությունը իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվեն, և զորքերը միմյանց շատ մոտ չլինեն:

«Խաղաղությունը չի կարող պարտադրվել»,-հավելել է Կլաարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00 ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ի դրությամբ հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:

Նմանատիպ նյութեր