211652_close_icon
views-count2442 դիտում article-date 21:35 19-09-2022

Մահացել է Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը

Տնտեսական լրագրողների ակումբը տեղեկացնում է, որ մահացել է Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը։

«Գրել պարզապես ափսոսանքի խոսքեր, որ նա այլեւս մեզ հետ չէ կամ հրաժեշտ տվեց երկրային կյանքին ու ավելացնել մի քանի տարեթվեր նրա կյանքից ու գործունեությունից, արդարացի չի լինի:

Զուտ մարդկային բնավորության համեստ գծերով, եթե լայն հասարակության շրջանում նա այնքան հայտնի չէր, ապա մասնագիտական համայնքի եւ տնտեսական հանրույթի համար Էմիլ Գուրգենիչ անունն ասոցացվում էր գործի գիտակ, հմուտ կազմակերպիչ հասկացությունների հետ, ով արժանիորեն հարգվում ու մեծարվում էր գործարար աշխարհում, մասնավորապես ոսկերչական արտադրության մեջ, ընկալվում որպես քաղաքակիրթ բիզնեսի կազմակերպչի չափորոշիչ:

Կանգնած լինելով մեր անկախ պետականության տնտեսության ձեւավորման ակունքներում, նա որպես արդեն իսկ փորձառու արդյունաբերող, կարողացավ Երեւանի ոսկերչական գործարանը շատ գրագետ եւ ամուր պահել անցումային տնտեսության տարուբերումներում: Նրա ղեկավարությամբ ձեռնարկությունը ոչ միայն նկատելի դժվարություններ չկրեց, այլեւ կարողացավ հավասար մրցակցի վստահ քայլերով դուրս գալ միջազգային շուկա. հիշենք՝ Սովետմիությունում այդ շուկան խիստ սահմանափակ էր եւ խստագույնս պլանավորված:

Այո, նրա մասնագիտական հմտությունների, տնտեսավարման ճկուն մեթոդների մասին կարելի է ամբողջական գիրք գրել, սակայն նա առավել ճանաչված էր իր մարդկային հատկանիշներով, որոնց շնորհիվ վայելում էր մեծ հեղինակություն եւ հարգանք:

Հիշենք միայն նրա նախաձեռնած ոսկերչական միջազգային ցուցահանդեսները, որոնք ճանաչում ու հեղինակություն բերեցին մեր երկրին, այն իր բրենդով ներկայանալի դարձնելով ողջ քաղաքակիրթ աշխարհում, նշենք հարյուրավոր նոր աշխատատեղերը, որոնք նրա անմիջական ջանքերով բացվեցին հատկապես երկրի մեծ գործազրկություն ունեցող շրջաններում:

Ու կրկին ասենք՝ ափսոս, որ նա այլեւս մեզ հետ չէ,  եւ մեր խորին ցավակցությունները հայտնենք նրա ընտանիքին, հարազատներին եւ… բոլորիս, որ այլեւս չենք լսի նրա մշտապես հավասարակշռված խոսքը, չենք զգա նրա օգտակար ներկայությունը»,– ասվում է Տնտեսական լրագրողների ակումբի ցավակցական ուղերձում։

Նմանատիպ նյութեր