211652_close_icon
views-count7544 դիտում article-date 21:20 19-09-2022

Հայաստանին ավելի ծանր օրեր են սպասվում, Ադրբեջանն իր ծրագրերից հետ չի կանգնելու․ Արգիշտի Կիվիրյան

Հայաստանին ավելի ծանր օրեր են սպասվում, քանի որ Ադրբեջանն իր ծրագրերից հետ չի կանգնելու և փորձելու է շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին՝ քաղաքաքագետը նշեց, որ գլոբալ առումով Բաքվի նպատակը առնվազն միջանցքի բացումն է։ «Նաև նպատակներից մեկն այն է, որ Հայաստանը դա նաև կամավոր համաձայնի տալ՝ միջանցքը, [ստորագրի – խմբ․] խաղաղության պայմանագիրը և [կատարի – խմբ․] մնացած այն պահանջները, որ Ադրբեջանը ներկայացնում է»,– ասաց նա։

Կիվիրյանը նշեց, որ ադրբեջանցիները, թեև որոշ հատվածներում նոր բարձունքներ են գրավել, սակայն նրանք այդ տեղերում բավականին խոցելի են, ինչպես նշել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը։ Ըստ նրա՝ թեև հայկական կողմը ունի հնարավորություն դրանք ոչնչացնելու, սակայն այն կձգձի դա, ինչպես նախորդ դեպքերում, մինչև որ ադրբեջանցիներն այդ դիրքերը կվերածեն հարձակման պլացդարմի։

«Հայկական կողմը այս պահին շատ հեշտ կարող է դրանք ոչնչացնել, սակայն, ինչպես միշտ հայկական կողմն սպասում է հրաշքի, սպասում է, որ գուցե ադրբեջանցիները բարիանան։ Ադրբեջանցիները չեն բարիանալու»,– ասաց նա՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը հրադադարին համաձայնեց, քանի որ արդեն մխրճվել է հայկական տարածք, ստեղծել է իր համար պլացդարմ, շարունակելու է այն ուժեղացնել և պատրաստել հետագա հարձակման համար։

Քաղաքագետը նշեց, որ այս պահին չկա որևէ ուժ, որը կկարողանա ադրբեջանցիներին ստիպել հետ կանգնել, դա միայն կարող է անել հայկական կողմը։ «Ադրբեջանցիները 2020թ․ պատերազմից հետո, կարելի է ասել, բռնել են հայկական կողմի վախը։ Իրենց մոտ ձևավորվել է այնպիսի համոզմունք, որ եթե իրենք շարունակեն ճնշել հայկական կողմին, ապա իրենք կհասնեն իրենց ուզածին։ Եթե իրենք վստահ լինեն, որ ինչ ուզում է լինի, որևէ հայկական իշխանություն չի ստորագրելու իրենց պահանջների տակ, իրենք հետ կկանգնեն»։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները հասկացել են, որ հայկական կողմն ընդունակ է ճնշվել, և եթե ընդունալ է ճնշվել, ուրեմն իրենք պետք է շարունակեն ճնշել մինչև ստանան իրենց ուզած ստորագրությունը։ «Որովհետ եթե իրենք, անգամ Երևանը գրավեն, բայց չստանան իրենց ուզած ստորագրությունը, իրենք վերածվելու են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ալիևը, ցեղասպանություն իրականացնող ազգի և ցեղասպանություն իրականացնող ազգի ղեկավարի»,– նշեց նա։

Խոսելով Արևմուտքի վերաբերմունքի, դիրքորոշման մասին՝ քաղաքագետը նշեց, որ Արևմուտքի մոտեցումը հետևյալն է՝ կա հարց, որը պետք է լուծվի, որպեսզի իրենք կարողանան իրենց շահերը հետապնդել տարածաշրջանում։ Նախկինում հարցը չի լուծվել, քանի որ երկու կողմերը հավասար ուժեր են ունեցել, սակայն հիմա հայկական կողմը պարտվել է և հարցը կարելի է լուծել հայկական կողմին էլ ավելի ճնշելով, տարատեսակ խոստումներ տալով՝ համոզել Հայաստանին, որպեսզի դնի իր ստորագրությունը և, Արևմուտքի պատկերացմամբ, հարցը լուծվի։

«Այսինքն՝ Արևմուտքը, որ այսօր մատնանշում է այդ խաղաղությունը, եթե անկեղծ խոստովանեն իրենց մտքի շարունակությունը, ապա իրենք պետք է ասեն, որ խաղաղությունը պատկերացնում են հայկական շահերի հաշվին, որովհետև իրենցից ոչ ոք Ադրբեջանին չի ճնշել։ Եվ իրենք էլ գիտեն, որ Ադրբեջանը չի ճնշվելու, առավելևս, որ Արևմուտքը Ադրբեջանից նավթի և գազի հարցում կախվածություն ունի, և Ալիևը իրեն շատ բան կարող է թույլ տալ»,– ասաց նա՝ հավելելով, որ հենց նույն պատճառով ժողովրդավար Արմուտքը տարիներ շարունակ աչք է փակել բռնապետական Ադրբեջանի արարքների վրա և նույնն էլ անելու է հիմա՝ հայերի պարագայում։

Նմանատիպ նյութեր