Սա ինքնախոստովանական ցուցմունք էր. հայե՛ր, ոտքի՛. Անդրանիկ Թեւանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Սա ինքնախոստովանական ցուցմունք էր, հասել ենք այն օրին, որ արդեն բաց տեքստով դավաճանության անոնս է արվում, հայե՛ր, ոտքի՛։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ–ում ավելի վաղ արված հայտարարությանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Նիկոլի այսօրվա ելույթից մարդկանց ճնշող մեծամասնության մոտ կարծիք ձեւավորվեց, որ Հայաստանի վրա Ադրբեջանի այս հարձակումը Ալիեւի հետ պայմանավորվածության արդյունք է եղել, որպեսզի հետո ստորագրվի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթ ու դա ներկայացվի «Զատո 29.800 քառակուսի կիլոմետր եմ փրկել» վերնագրի ներքո: Նիկոլն այդ մասին ԱԺ-ում ասաց անուղղակիորեն՝ համոզմունք հայտնելով, որ իր անելիք քայլից հետո դավաճանի պիտակ է ստանալու, բայց ամեն դեպքում գնալու է այդ քայլին:
Դա՞ էր ուզում ասել Նիկոլը, թե՞ ոչ, արդեն էական չէ: Էականն այն է, որ հաշվի առնելով նրա տեսակը՝ մարդիկ ամեն ինչ ընկալել են այնպես, ինչպես ներկայացրեցի վերեւում:
Սա ինքնախոստովանական ցուցմունք էր: Հասել ենք այն օրին, որ արդեն բաց տեքստով դավաճանության անոնս է արվում: Հայե՛ր, ոտքի՛»։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարել էր՝ «ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության»։