211652_close_icon
views-count903 դիտում article-date 18:28 13-09-2022

Հայաստանի հետ իրապես խաղաղություն հաստատել ցանկացող պետությունը չի կարող այսպիսի գազանային վարքագիծ դրսևորել․ «Արդար Հայաստան»

Ադրբեջանը հերթական անգամ զինված հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության վրա։
 
Ակնհայտ է, որ այդ պետության վարած քաղաքականությունն ուղղակի սպառնալիք է մեր տարածաշրջանի համար, ուստի, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավին զսպելու, մեծ է հավանականությունը, որ այդ պետությունն ունակ է մեր տարածաշրջանը ներքաշել երկարատև ու արյունալի բախման հորձանուտ։
 
Մենք պարտավոր ենք դրսևորել վճռական վարքագիծ՝ ընդգծելու համար, որ նրանք երբեք չեն ստանալու իրենց ուզածը, իսկ դրա համար հիմա խիստ անհրաժեշտ է, որ մենք դիմանանք և հնարավորինս արագ վերականգնվենք։
 
Ամբողջ աշխարհին պետք է ցույց տալ նրանց ահաբեկչական բնույթը՝ միաժամանակ հետամուտ լինել, որ այդ պետության վարքագիծը լրջորեն քննարկվի միջազգային բոլոր իրավասու հարթակներում ու դատապարտվի։
 
Խորապես համոզված ենք, որ Ալիևի սանձարձակ լեզուն պետք է կարճացնել ու վերջ դնել նրա ցինիզմին։ Հայաստանի հետ իրապես խաղաղություն հաստատել ցանկացող պետությունը չի կարող այսպիսի գազանային վարքագիծ դրսևորել։
 
Միաժամանակ, այս մտայնության պայմաններում խոսել խաղաղության դարաշրջանի մասին, ուղղակի հնարավոր է մի դեպքում, երբ իսկապես չես ուզում տեսնել իրական մարտահրավերները և չես կարողանում արդյունավետորեն կառավարել դրանք․․․
 
Միաժամանակ, այս համատեքստում, ակնհայտ է, որ Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մաս կազմող միավորումներն ու պետությունները պետք է շատ հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումները։
 
Հայաստանն ունի լեգետիմ իրավունք՝ ակնկալելու փոխադարձ պարտավորությունների լիարժեք կատարում պայմանագրի կողմ հանդիսացող բոլոր պետությունների կողմից։
 
Մեզ համար հստակ է․ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելը չպետք է լինի «Ամեն գնով»։
 
Կան կարմիր գծեր, որոնք երբեք հնարավոր չէ հատել։ Պետք է հասկանալ՝ որտե՞ղ կանգնել և ինչպիսի՞ պայմանավորվածություն ձեռք բերել՝ խաղաղության հասնելու համար։
 
Միանշանակ է՝ Հայաստանի ցանկացած իշխանություն փորձելու է հասնել խաղաղության, բայց դրա գինն է կարևոր։
 
Խաղաղության ձգտելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել խաթարված ռազմաքաղաքական բալանսը, որը պատերազմի պատճառով ի օգուտ Ադրբեջանի է դարձել։
 
Եթե մենք իսկապես ձգտում ենք մեր տարածաշրջանում խաղաղության, հետևաբար, պետք է նաև ուժեղ տնտեսություն, պաշտպանական համակարգ և բանակ ունենանք։ Մեր ժողովրդին հորդորում ենք պահպանել զսպվածություն, չենթարկվել խուճապի, միաժամանակ՝ ամբողջությամբ ապավինել ու աջակցել մեր բանակին։
 
 «Արդար Հայաստան» կուսակցություն
 

Նմանատիպ նյութեր