211652_close_icon
views-count816 դիտում article-date 11:25 13-09-2022

Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը։

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ մնալով ամորֆ և անհասցե կոչերից ու գնահատականներից, կիրառել համապատասխան քայլեր ագրեսորի նկատմամբ։

Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը:

Նմանատիպ նյութեր