211652_close_icon
views-count598 դիտում article-date 13:33 08-09-2022

Լեհաստանի մրցակցային մարմնի հետ մեկնարկել է նոր ծրագիր. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակը մեկնարկում են նոր ծրագիր՝ ուղղված մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

ՄՊՀ-ն հայտնում է, որ ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի մրցակցային մարմնի առաջին պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված մասնագետները եռօրյա դասընթաց կվարեն ՄՊՀ աշխատակիցների համար «Վճարումների հետաձգումներ, պայմանագրային առավելություններ» թեմայով:

ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշել է, որ հանձնաժողովը Լեհաստանի մրցակցային մարմնի հետ ունի համագործակցության հաջողված փորձ անբարեխիղճ մրցակցության ոլորտում, որի արդյունքներն արդեն իսկ կիրառվում են ամենօրյա աշխատանքում: Նա ընդգծել է, որ այս ծրագրի ներքո ընտրված թեմաները նույնպես խիստ արդիական են՝ հույս հայտնելով, որ նախատեսված երկկողմ այցերն ու փորձի փոխանակումը կնպաստեն աշխատակիցների գիտելիքների կատարելագործմանը նախանշված ոլորտներում:

Հայաստանում Լեհաստանի դեսպանության քաղաքական-տնտեսական բաժնի առաջին քարտուղար Թոմաշ Բույկոն, արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի անունից ողջունել է և շնորհավորել մասնակիցներին ծրագրի մեկնարկի առիթով՝ նշելով, որ այն ֆինանսավորվում է «Լեհական օգնություն» ծրագրի կողմից, որի հիմնական ֆինանսավորողը Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն է:

Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել հանձնաժողովի աշխատակիցների կարողությունները գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնությունների, գաղտնի համաձայնությունների, պայմանագրային առավելությունների և դրա մասով իրավական վերլուծության ներկայացման ուղղություններով:

Նմանատիպ նյութեր