211652_close_icon
views-count1403 դիտում article-date 12:38 13-12-2018

Լեհաստանի կառավարությունը ձգտելու է ակտիվացնել համագործակցությունը նոր կառավարության հետ. ՀՀ-ում Լեհաստանի դեսպանություն

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության տեքստում, մասնավորապես, ասված է. «2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը գոհունակությամբ նշում է, որ այս ընտրություններն իրականացվել են ժողովրդավարական չափանիշներին համաձայն, ինչը նաև հաստատվել է ԵԱՀԿ դիտորդների, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների իշխանությունների կողմից: Ընտրություններին մասնակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց քվեարկությամբ հաստատել են, որ ընդունում են էական քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել ապրիլ և մայիս ամիսներին` «թավշյա հեղափոխության» արդյունքում: Լեհաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ձգտելու է ակտիվացնել համագործակցությունը նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո ձևավորված ՀՀ նոր կառավարության հետ: Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը լիահույս է, որ երկկողմ համագործակցությունը հնարավոր է առավել դինամիկ դարձնել քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտության ոլորտներում: Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի արդիականացման ուղղությամբ: Լեհաստանի կառավարությունը ըմբռնում է հայ-լեհական համագործակցության ինտենսիֆիկացման անհրաժեշտությունը ԵՄ-ում գործող իրավական չափանիշներին Հայաստանը մերձեցնելու գործընթացում: Մեր կարծիքով` համագործակցության լավագույն մոդելը Լեհաստանի փորձագետների աջակցությունն է ՀՀ և ԵՄ օրենսդրությունների ներդաշնակեցման գործում: Հպարտությամբ վերահաստատում ենք, որ ԵՄ անդամ պետությունների շարքում Լեհաստանն առաջին երկրներից է, որը վավերացրել է 2017թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը /CEPA/: Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը ցանկանում է սրտանց շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին Հայաստանի արդի պատմության մեջ նոր էջ բացելու առթիվ: Հուսով ենք, որ առաջիկա քաղաքական և տնտեսական փոփոխությունները կնպաստեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը և բարօրությանը»:

Նմանատիպ նյութեր