211652_close_icon
views-count24264 դիտում article-date 09:49 03-09-2022

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե գովազդային վահանակին, կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ա. Խուդինյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի բաժանարար մասում և բախվել երկաթե գովազդային վահանակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Խուդինյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 19-ամյա Ս. Խուդինյանը, 18-ամյա Կ. Խուդինյանը, 23-ամյա Գ. Հակոբյանն ու Լոռու մարզի բնակիչ՝ 64-ամյա Ս. Անդրեասյանը մարմնական վնասցածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճամապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Բարեղամ Կիրակոսյանն ու Կոլյա Հակոբյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ   Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիք Ավետիսյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+

Նմանատիպ նյութեր