211652_close_icon

«Երբ մենք ասում ենք «քաղաքական հետապնդում», այն քաղաքական հայտարարություն չէ, այլ իրավական սահմանում` իրավունքների եւ ազատությունների խախտման պատճառների մասին» Չալաբյանի պաշտպան

views-count1140 դիտում article-date 18:42 30-08-2022
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ավարտվեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ավետիք Չալաբյանը կալանավորված է ս.թ. մայիսի 14-ից Հայաստանի իրավական պրակտիկայում թերևս հազվագյուտ հանգամանքներում. երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության, և օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում:

Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ, որի համար որպես փաստական ապացույց օգտագործվել է կեղծ լրատվամիջոցում հրապարակված մոնատժած ապօրինի ձայնագրություն, որի մեջ Չալաբյանը գեթ մի բառ չի ասում նյութապես շահագրգռելու մասին: «Կալանավորումից ի վեր, Ավետիք Չալաբյանի մասին ՀՀ զանգվածային լրատվամիջոցներում 8312 հոդված է հրապարակվել, բազմաթիվ հարցազրույցներ են տրվել պաշտպանական կողմի ներկայացուցիչները, և լրագրողներին հիմնականում մի հարց է հետաքրքրում` ի վերջո որն է պատճատը Չալաբյանին անազատության մեջ պահելու պատճառը:

Բնականաբար փաստարկված արձագանք տալու համար մենք պիտի հղում կատարեինք այն դատական ակտերին, որոնց հիման վրա Չալաբյանն անազատության մեջ է և քանի որ այդ դատական ակտերը պատճառաբանություններ ու հիմնավորումներ չէին պարունակում, ուստի լրագրողների հարցերը հիմնականում անպատասխան էին մնում: Լրագրողներն արագ հոգնեցին մեր երկար պարզաբանումներից և ստիպված սեփական եզրակացություններն արեցին, որոնք հանգում էին մի բանի` քաղաքական հետապնդում:

Երբ մենք ասում ենք «քաղաքական հետապնդում», դա քաղաքական հայտարարություն չէ, մենք դրա մեջ բացառապես իրավական բովանդակություն ենք տեսնում»,- իր բացման ելույթում նշեց Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:

Նա շեշտեց, որ 2016թ.-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարևոր որոշում է կայացրել Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլիի գործի վերաբերյալ:

ՄԻԵԴ-ը գտել էր, որ կալանքի հարցի մակերեսային քննարկման և չպատճառաբանված որոշման հիման վրա Մերաբիշվիլիին անընդմեջ կալանքի տակ պահելն ունեցել է այլ՝ քաղաքական նպատակ, և արձանագրել էր կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում, և Մերաբիշվիլիի կալանավորում, ըստ երևույթին, կիրառվել է քաղաքական նպատակներով։ 2 «Երբ մենք համադրում ենք այս նախադեպը Չալաբյանի գործի փաստական հանգամանքների հետ, ապա ակնհայտ երևում է, որ նույն իրավիճակն է՝ չի եղել կալանքի հարցի իրական քննարկում և դատարանի որոշումը բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված, ուստի եթե մեզ կրկին հարցնեն, թե ինչու է Չալաբյանն անազատության մեջ, մենք դարձյալ չենք ունենալու իրավական հիմնավորում, բայց երբ այս գործի հասնի ՄԻԵԴ, մենք դարձյալ հղում են անելու մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածին»,- հայտարարեց Չալաբյանի պաշտպանը:

Հիշեցնենք, որ Չալաբյանի ազատության համար երաշխավորագրեր են ներակայացրել մեկ տասնյակ հեղինակավոր հասարակական գործիչներ, իսկ մեղադրող դատախազը շեշտել է, որ առարկություն չունի գրավի կիրառման համար և այլընտրանքային խափանման միջոցի կիրառման երաշխավորում կարող է համարվել Ավետիք Չալաբյանի պատշաճ վարքագիծը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճիռը կհրապարակի վաղը` ս.թ. օգոստոսի 31-ին, ժամը 12:00-ին (հասցե՝ Երևան, Գարեգին Նժդեհի 23):

Չալաբյանի աջակիցները նախատեսում են հավաքվել դատարանի մոտ: 

Նմանատիպ նյութեր