211652_close_icon

Կոնսերվատորիայի 100 ամյակը և վերջին 40 տարվա կյանքը․ «Առավոտ»

views-count1309 դիտում article-date 10:25 30-08-2022
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս անցնում էի իմ «ալմա մատերի»՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մոտով, եւ մեծադիր պաստառ տեսա, որի վրա գրված էր՝ 100: Հաջորդ տարի իմ բուհը կդառնա 100 տարեկան:

1921 թվականին Հայաստանի կառավարության հրավերով հայրենիք եկած նվիրյալների թվում էր Ռոմանոս Մելիքյանը, որը սկզբից հիմնեց երաժշտական ստուդիա, իսկ երկու տարի անց՝ կոնսերվատորիա: Կարելի է պատկերացնել միայն, թե որքան ծանր էր այն ժամանակվա կյանքը: Բայց հեռատես մարդիկ՝ Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարությամբ, գիտակցում էին հոգեւոր արժեքների կարեւորությունը: Արժեքներ, որոնք ձեւավորեցին մեզ՝ խորհրդային, իսկ այնուհետեւ անկախ Հայաստանի քաղաքացիներիս:

Ես ավարտել եմ այդ բուհը 1983 թվականին, այսինքն՝ այն ժամանակ, երբ նշվում էր կոնսերվատորիայի 60 ամյակը: Բախտ եմ ունեցել շփվելու այդ հաստատության ղեկավար Ղազարոս Սարյանի եւ բազմաթիվ բարձր ինտելեկտուալների՝ իմ հրաշալի դասախոսների հետ:

Չէի ասի, որ հետագա քառասուն տարիները ավելի արգասաբեր էին այդ հաստատության եւ ընդհանրապես հայ մշակույթի համար: Եվ այդ առիթով կուզեի խոսել ավելի ընդհանուր մի խնդրի մասին: 

Իհարկե, խորհրդային համակարգը սարսափելի էր, հրեշավոր, անմարդկային, չարժե անգամ ժամանակ ծախսել դրա արատները թվարկելու վրա: Բայց կյանքը քառասուն տարի առաջ (չգիտեմ արդյոք ճիշտ բառ եմ օգտագործում) ավելի բարդ էր, բազմաշերտ էր, քան այսօր: Այժմ, ինձ թվում է, հոգեւոր կյանքը, մշակույթը, արվեստը պրիմիտիվ է, հիմնականում ուղղված է հնարավորինս լայն զանգվածների ճաշակը բավարարելու վրա:

Ռաբիսը, բնականաբար, կար նաեւ այն ժամանակ: Բայց դրա կողքին ծնվում էր Տերտերյանի, Մանսուրյանի, Աշոտ Զոհրաբյանի, Մարտուն Իսրայելյանի եւ էլի շատ շատերի երաժշտությունը: Եվ էականն այն է, որ հասարակության որոշակի շրջանակներում դա քննարկվում էր, դա հետաքրքրիր էր, հուզում էր բազմաթիվ մարդկանց:

Այսօր մեր հասարակությունը չափից դուրս քաղաքականացված է, բզկտված է, եւ վերջին հաշվով՝ ընկած է մանր հարցերի հետեւից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր