211652_close_icon
views-count111094 դիտում article-date 14:56 20-08-2022

Էջմիածնում «յաշիկի» վրա ինքնաձիգով տեղի ունեցած սպանությունը իրավապահները համեմատում են Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ. հայտնաբերվել են ավտոմեքենան ու ավտոմատը, որը սպանությունից հետո հանցագործները հրկիզել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Կարեն Հակոբյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ, 2 օր կատարելով հսկայածավալ աշխատանքներ, օպերատիվ տեղեկություններ են ստացել և Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին հարակից դաշտամիջյան վայրում՝ քարե շինության պարսպի մոտ, հայտնաբերել են ամբողջովիկն մոխրակույտի վերածված Opel մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում են, և ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ինքնաձիգ, ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, որոնք նույնպես ամբողջովին վերածվել են մոխրակույտի։

Այս պահին քննիչների հետ տեղում աշխատում են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետները։

Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ օգոստոսի 18-ին Էջմիածին քաղաքում հրազենի գործադրմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունն ու սպանության փորձը կատարվել է նշված ավտոմատով, ու հանցագործը կամ հանցագործները եղել են իրենց կողմից վառած, մոխրակույտի վերածված Opel-ով։ 

Իրավապահները այս սպանությունը նմանեցնում են հայտնի հեղինակություն Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ, երբ նույն եղանակով ինքնաձիգից դիմահար կրակոցներ էին արձակել Դոն Պիպոյի եղբոր վրա, ապա ավտոմեքենան ու ինքնաձիգը դաշտի մեջ այրել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր օգոստոսի 18-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում մահացած և վիրավոր քաղաքացիների ինքնությունը։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր, որ հիվանդանոց էր ընդունվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արամ Միքայելյանը, ով ունեցել է «կրծքավանդակի առաջնային պատի հրազենային վիրավորում, աբոնալ վիճակ» ախտորոշում, և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Առաքելյանը, ով ունեցել էր «աջից անոթային գծով կույր գնդակային վիրավորում, լյարդի, աջ երիկամի, բարակ աղիների վնասում, տրավմատիկ շոկ ծանր աստիճանի» ախտորոշում։ 

Կարճ ժամանակ անց Ա. Միքայելյանը, գիտակցության չգալով, մահացել էր։

Պարզվել էր նաև, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում անհայտ անձը ​ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Ա. Միքայելյանի կողմից վարած Mercedes G500 մակնիշի 10 QC 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Միքայելյանն ու նրա ուղևոր Ա. Առաքելյանը ստացել էին հրազենային վնասվածքներ, իսկ կրակողը դեպքի վայրից դիմել էր փախուստի։ 

Արդեն վիրավոր Ա. Միքայելյանը ավտոմեքենան վարել էր դեպի «Վաղարշապատ» ԲԿ-ի ուղղությամբ, սակայն Գնունյանց փողոցի 14 հասցեի դիմաց բախվել էր Ford, Mercedes, BMW, VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով BMW-ի վարորդ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գրիգորյանը «պարանոցի հյուսվածքների, մկանների գերձգում, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել «Աշտարակ ԲԿ։ 

Վթարի վայրում հայտնաբերվել էր «Մակարով» տիպի ատրճանակ, իսկ կրակոցների վայրում՝ 1 հատ ինքնաձիգից կրակված պարկուճ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործի հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր