211652_close_icon
views-count1182 դիտում article-date 14:59 04-08-2022

Պետությունը կսուբսիդավորի այն ընկերություններին, որոնք կթարմացնեն իրենց սարքավորումներն ու որակյալ կադրեր կներգրավեն

Մենք առաջարկում ենք մշակող արդյունբերության ոլորտի ընկերություններին թարմացնել իրենց սարքավորումները եւ հոսքագծերը, եւ կառավարությունը պարտավոր է սուբսիդավորել ֆինանսական ծախսերի մի մասը, այսինքն վարկային կամ լիզինգի տոկոսները: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով կառավարության որոշումներից մեկում փոփոխություններին:

«Արդեն ունենք 200-ից ավելի շահառու եւ 11 մլրդ դրամից ավելի կնքված գործարք: Բայց խոշոր գործրքները դեռ առջեւում են: Այս ծրագիրը թույլ է տալիս մինչեւ 140 մլրդ դրամի նոր սարքավորումներ ձեռք բերել եւ կառավարությունը 3-3,5  տարի ֆինանսավորում է վարկային կամ լիզինգի տոկոսները: Մեր առաջարկած փոփոխությունը բաղկացած է երկու մասից. Առաջինը, մենք արդեն եղած ծրագիրը առաջարկում ենք ընդլայնել եւ ներառել նոր ոլորտներ: Այդ ոլորտներն են՝ մշակող արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, տեղեկատվություն եւ կապ, շինարարություն, փոխադրում եւ պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն եւ բնակչության սպասարկում:

Ծրագրի հաջորդ հատվածը վերաբերում է ընկերություններում բարձրակարգ մասնագետների ներգրավմանը: Մենք նկարագրել ենք այն ընկերությունները, որտեղ աշխատած մարդկանց համարել են բարձրակարգ մասնագետներ: Նման մասնագետների ներգրավելու դեպքում կառավարությունը սուբսիդավորում է  իրենց աշխատավարձի 20 տոկոսը: Եթե ընկերությունները ներգրավում են գիտության դոկտորների, կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել նրանց հաշվարկված աշխատավարձի 50 տոկոսը: Իսկ եթե նրանք նաեւ դասավանդում են նաեւ համալսարաններում, ապա հմալսարանի կողմից վճարված աշխատավարձի 70 տոկոսն ենք պատրաստ սուբսիդավորել»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նմանատիպ նյութեր