211652_close_icon
views-count2315 դիտում article-date 15:10 01-08-2022

Եթե Նենսի Փելոսին այցելի Թայվան, Չինաստանի բանակը ձեռքերը ծալած չի նստի. պաշտոնական Պեկինը սպառնացել է ԱՄՆ-ին

Չինաստանի իշխանություններն արդյունավետ ուժ կկիրառեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան այցի դեպքում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, գրում է tass.ru-ն։

«Եթե Փելոսին այցելի Թայվան, դա կլինի կոպիտ միջամտություն Չինաստանի ներքին քաղաքականությանը... և կհանգեցնի շատ լուրջ հետևանքների: Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը ձեռքերը ծալած չի նստի», - ընդգծել է նա ճեպազրույցում։

Դիվանագետի կարծիքով՝ Փելոսիի այցը Թայվան ապակայունացնի իրավիճակը Թայվանի նեղուցում և հարված կհասցնի Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին։

«Չինաստանն անպայման կձեռնարկի ուժեղ և արդյունավետ հակաքայլեր»,- ասել է Չժաո Լիցզյանը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Փելոսին, որը զբաղեցնում է ԱՄՆ կառավարության հիերարխիայի երրորդ կարևորագույն պաշտոնը, ծրագրում է օգոստոսին այցելել Թայվան։ Այս մասին հայտնել են Financial Times եւ Politico թերթերը։ Հրապարակումների համաձայն՝ նա պատրաստվում էր այց կատարել դեռ ապրիլին, սակայն չեղարկել է այն կորոնավիրուսի պատճառով։ Այս այցը կլինի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի 25 տարվա ընթացքում առաջին այցը կղզի։

Փելոսիի գլխավորած պատվիրակությունը կիրակի մեկնել է Ասիա՝ այցելելու Սինգապուր, Մալայզիա, Հարավային Կորեա և Ճապոնիա։ Ամերիկացի քաղաքական գործիչը հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք մտադիր է այցելել Թայբեյ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կատարած շրջագայության ընթացքում։

Նմանատիպ նյութեր