211652_close_icon
views-count1516 դիտում article-date 09:13 03-08-2022

Նենսի Փելոսին ժամանել է Թայվան՝ չնայած Պեկինի սպառնալիքներին

Չնայած վերջին շաբաթվա ընթացքում Չինաստանի կողմից արվող կոշտ հռետորաբանությանը և նախազգուշացումներին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին արդեն Թայվանում է: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Փելոսին և նրա պատվիրակության անդամները իջել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռից Թայփեի կենտրոնում գտնվող Սոնգշանի օդանավակայանում: Նրանց դիմավորել են Թայվանի արտգործնախարար Ջոզեֆ Վուն և Թայվանում ԱՄՆ բարձրագույն ներկայացուցիչ Սանդրա Օուդկիրքը:

Վայրէջքից անմիջապես հետո Փելոսին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության այցը Թայվան ցույց է տալիս Միացյալ Նահանգների անաչառ աջակցությունը Թայվանի ժողովրդավարությանը»:

Փելոսիի հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության զրույցները Թայվանի ղեկավարության հետ կկենտրոնանան «ԱՄՆ աջակցությունը վերահաստատելու և ընդհանուր շահերի առաջխաղացման վրա»: Նա նաև հավելել է, որ իր այցը «ոչ մի կերպ չի հակասում ԱՄՆ քաղաքականությանը, որը հիմնված է 1979 թվականի Թայվանի հետ հարաբերությունների մասին օրենքի և ԱՄՆ-Չինաստան համատեղ կոմյունիկեի վրա։ ԱՄՆ-ը շարունակում է ընդդիմանալ ստատուս քվոն փոխելու միակողմանի ջանքերին»։

Նենսի Փելոսին Թայվանում իր վայրէջքից անմիջապես հետո հոդված է հրապարակել «Washington Post»-ում, որտեղ նա գրում է.

«ԱՄՆ Կոնգրեսի մեր պատվիրակության այցը, ի դեմս Չինաստանի կոմունիստական կուսակցության աճող ագրեսիայի, պետք է դիտվի որպես հայտարարություն, որ ԱՄՆ-ը կանգնած է Թայվանի կողքին՝ պաշտպանելով մեր ժողովրդավար գործընկերոջ ազատությունը։»

Թայվանի նախագահական գրասենյակից հայտնել են, որ նախագահ Ցայ Ինգ Վենը չորեքշաբթի առավոտյան հանդիպելու է Փելոսիի հետ: «Reuters»-ը հրապարակել է նաև Փելոսիի՝ Չինաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին բարձրաձայնող մի խումբ ակտիվիստների հետ հանդիպելու պլանների մասին։

Չինաստանը անմիջապես դատապարտել է Փելոսիի այցը: Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որ այցը լրջորեն խաթարում է կայունությունը Թայվանի նեղուցում և « և խախտում է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Փելոսիի կողմից Թայվան ժամանելուց անմիջապես հետո, Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ին չեն կարող վախեցնել Չինաստանի սպառնալիքները կամ ռազմատենչ հռետորաբանությունը: Նա նաև հավելել է, որ այցը չի խախտում ինքնիշխանության որևէ խնդիր կապված «մեկ Չինաստան» քաղաքականության հետ:

«Չկա ոչ մի պատճառ այս այցը ճգնաժամի կամ հակամարտության առիթի վերածելու համար»,- հավելել է Քիրբին։

Վաշինգտոնը չունի պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Թայվանի հետ, սակայն 1979 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Թայվանի հարաբերությունների մասին օրենքի համաձայն՝ ԱՄՆ-ը պարտավոր է Թայվանին տրամադրել ինքն իրեն պաշտպանելու միջոցներ։

Նմանատիպ նյութեր