211652_close_icon
views-count1024 դիտում article-date 10:34 23-07-2022

Հայաստանի ինքնիշխանությունը սակարկելի չէ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայ-թուրքական հարաբերությունները դեռ չսկսված կասեցվեցին հենց Անկարայի նախաձեռնությամբ՝ նախորդ դարի 90-ականների սկզբին: Թուրքիան իր այդ քայլը հիմնավորեց Արցախում ադրբեջանական ագրեսիային ի պատասխան հայկական ուժերի՝ օկուպացված Արցախի եւ հարակից շրջանների ազատագրման փաստով:

Արցախյան 44-օրյա ագրեսիայի հետեւանքով այդ շրջանների եւ ԼՂՀ-ի բուն տարածքի զգալի մասն օկուպացնելուց հետո Թուրքիան հայտարարեց, թե պատրաստ է հարաբերություններ սկսել Հայաստանի հետ, եւ կողմերը փոխադարձաբար համաձայնության եկան, որ բանակցությունների գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների:

Հուլիսի 21-ին թուրքական «TRT Haber»-ին տված հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ուղիղ խոսքում ասաց, որ Անկարան Երեւանի հետ հարաբերությունների հաստատման գործընթացը համակարգում է Բաքվի հետ, որովհետեւ իրենք մեկ ազգ են, երկու պետություն՝ հավելելով, որ կոնկրետ քայլեր են ցանկանում տեսնել Հայաստանից: Վերջին արտահայտությունը տրամաբանորեն վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:

Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան Երեւանից կոնկրետ քայլեր է ակնկալում Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացում: Այն միանշանակ փաստում է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար նախապայմաններ է առաջադրում: Եթե սրան գումարենք այն փաստը, որ Բաքուն Երեւանի հետ բանակցություններում առաջ է քաշում առավելապաշտական եւ շատ դեպքերում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չամրագրված պայմաններ, ապա պատկերն ամբողջական կդառնա: Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են հարաբերություններ հաստատելու եւ տրանսպորտատնտեսական հաղորդակցությունները բացելու մասին՝ եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Թուրքիայի հետ:

Պաշտոնական Երեւանն այդ ուղղությամբ կատարում է հստակ գործողություններ, հետեւաբար այստեղ օրինաչափ հարց է առաջանում, թե ի՞նչ նկատի ունի Չավուշօղլուն՝ Հայաստանից կոնկրետ քայլեր ակնկալելու մասին արտահայտությամբ: Եթե նկատի ունի ՀՀ ինքնիշխանության հաշվին քայլեր անելը, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանության մեջ, ապա հայկական կողմը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը դրա անհնարինության վերաբերյալ»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր