211652_close_icon
views-count1105 դիտում article-date 13:30 21-07-2022

Եղիպատրուշում լեռնադահուկային հանգստավայր է կառուցվելու. Կլինի ճոպանուղի, զիփլայն, ջրային ատրակցիոն, տոբոգան, տյուբինգ

Կառավարությունն այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել տարածաշրջանի մակարդակով եվրոպական ստանդարտներին համապատասխան  լեռնադահուկային հանգստավայր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում, ինչը կնպաստի երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և երկրի/մարզի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը։

Ծրագրի շրջանակներում կկառուցվեն միջազգային ստանդարտներին համապատասխան ճոպանուղի, սահուղիներ, հյուրանոցային և ժամանցային համալիր/համալիրներ, ինչպես նաև կտեղադրվի արհեստական ձնագոյացման համակարգ, կստեղծվեն ձմեռային հանգստի այլ ենթակառուցվածքներ։

Ծրագրի շրջանակներում ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մինչև 30 մլրդ դրամ սահուղիների և արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերման և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) կառուցման համար:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 1500 մշտականև 250 ժամանակավոր աշխատատեղեր։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 16․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1 մլրդ դրամ:

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Նմանատիպ նյութեր