211652_close_icon
views-count3476 դիտում article-date 13:16 21-07-2022

4 մարզերում Պարեկային ծառայության համար 305 ավտոմեքենա ձեռք կբերվի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ ոստիկանությանը 3 մլրդ 107 մլն դրամ հատկացնելու և մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպել:

Հարցը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանը՝ նշելով, որ որոշման անհրաժեշտությունը՝  պայմանավորված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում 2023 թ․-ի հունվարից նոր պարեկային ծառայության գործարկմանն անհրաժեշտ ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար իրավական հիմք ապահովելու և այդ ծախսերը ֆինանսավորելու համար միջոցներ նախատեսելու  հանգամանքով։

Նա ընդգծեց, որ այդ 4 մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար դեռևս ընթացիկ տարվա մայիսի  23-ին հայտարարվել է  ոստիկանական ավտոմեքենաների ձեռք բերման գնման մրցութային ընթացակարգ: Բացումը տեղի է ունեցել հունիսի 8-ին, սակայն մասնակից չլինելու պատճառով ընթացակարգը հայտարարվել  է չկայացած:  Այնուհետև հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցչին  կատարված հարցումներով պարզվել է, որ հայտարարված տեխնիկական բնութագրով, քանակով (175 միավոր) և  նախատեսված ժամկետում (մինչև ս/թ նոյեմբերի15-ը) ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել  «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն՝ հնարավոր սեղմ ժամկետում (շուրջ 2 շաբաթվա ընթացքում) նախատեսվող գումարն ամբողջությամբ (100% -ով) կանխավճարային եղանակով  հատկացնելու դեպքում։

Բանակցությունների արդյունքում  ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «Toyota Fortuner» մակնիշի 45 միավոր մեխանիկական և 130 միավոր ավտոմատ տուփով  ավտոտրանսպորտային միջոց, համապատասխանաբար ըստ տեսակների 15․900,0 հազ, դրամ և 18․400,0 հազ․ դրամ գնմանգներով։

Ընկերության պաշտոնական կայքում նշված ավտոտրանսպորտային միջոցների 13.07.2022 թ-ի դրությամբ հրապարակված վաճառքի գները, համապատասխանաբար ըստ տեսակների կազմում են՝ 31․994,0 հազ․ դրամ և 35․292,0 հազ․ դրամ։

Ելնելով վերոգրյալից որոշման նախագծով նախատեսվում է վերը նշված 4 մարզում նոր ձևավորվող  պարեկային ծառայության  ստորաբաժանումների համար ձեռք բերել 175 ավտոտրանսպորտային միջոց, նշված գնման գների հաշվարկով  հատկացնելով  3․107,5 մլն․ դրամ, ներառյալ հարկերն ու այլ պարտադիր վճարները։

Առաջարկվում է թույլատրել  տվյալ գնումը, ՀՀ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա  իրականացնել մեկ աղբյուրից, իսկ 4-րդ կետով՝ թույլատրել մատակարար կազմակերպությանը հատկացնել կանխավճար՝ գնման առարկայի 100 %-ի չափով։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կովիդի հետ կապված մեքենաների շուկայում խնդիրներ կան եւ հնարավոր չի լինում ձեռք բերել նույն մակնիշի, նույն գույնի մեքենաներ Պարեկային ծառայության համար: Այս դեպքում անգամ հնարավոր չի եղել ձեռք բերել բոլոր ավտոմատ փոխանցման տուփով մեքենաներ, մի մասը մեխանիկական է: Նա տեղեկացրեց, որ սրանք բոլորը ամենագնացներ են. «Մենք հիմա մտածել ենք այս մեքենաներից մի խմբաքանակը ավելի շուտ բերել, դա տրամադրել Շիրակի եւ Լոռու մարզերին, այնտեղից  սեդանները վերցնել, որովհետեւ արդյունավետության տեսակետից ճիշտ կլինի, որ 4 մարզերում մայրուղիների վրա սեդաններ ունենալ: Դրա համար մրցույթ չենք հայտարարում, առաջին խմբաքանակը շուտ ձեռք բերելու համար այս ընթացակարգով ենք գնում»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր