211652_close_icon
views-count84439 դիտում article-date 10:18 16-07-2022

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում․ 17-ամյա աղջիկը տեղում մահացել է․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոսկետափ գյուղի կամուրջ և, չհասած կամուրջ, հայտնաբերել է դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ 

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 25 կմ-ում Ոսկետափ գյուղի վարչական շրջանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Ալվարդ Ա․-ին և, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։

Վրարերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։  

Վրաերթի փաստով՝ ավագ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմաց վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր