211652_close_icon
views-count62207 դիտում article-date 11:17 02-12-2023

Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. «ՍՈՖԹ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ի վաճառքի պատասխանատուն Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ժամանել է Արարատի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Սամվել Մ.-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Այգավան գյուղի Երևանյան խճուղու 43 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Կարինե Թ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Վեդու բժշկական կենտրոն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել Վեդու բժշկական կենտրոն, ապա վարորդը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ Պարեկ Սարգիս Եգորյանը, պարեկ Շուշիկ Իվանյանը և կրտսեր պարեկ Գարիկ Մարգարյանը:

Մինչ ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում ծառայություն էին կատարում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայում մահացել է: 

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի, մարզային վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և Վեդիի քննչական բաժնի պետի Արթուր Ավետյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդը աշխատում է «ՍՈՖԹ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ում, որպես վաճառքի պատասխանատու:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր