211652_close_icon
views-count1231 դիտում article-date 11:40 12-07-2022

Դեսպանները պատասխանել են Թագուհի Թովմասյանի հրատապ նամակներին

Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավարը, ԵՄ անդամ պետությունների դեսպանները, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարը պատասխանել են իմ հրատապ նամակներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նշել է. «Ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հետ կանչելու, Վահե Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագծերի շրջանառումից հետո հրատապ կերպով գրություններ էի ուղարկել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին և ԵՄ անդամ պետությունների դեսպաններին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին:

Գրություններով նշել էի, որ նախագծերի հիմնավորումներից պարզ է դառնում, որ իշխող խմբակցությունը նման նախաձեռնություններով է հանդես գալիս ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանական աշխատանքի բոյկոտի (քվեարկություններին չմասնակցելու, ԱԺ խորհրդի, մշտական հանձնաժողովի նիստերից բացակայությունների), ցույցերի, երթերի ժամանակ արտահայտած կարծիքների պատճառով։ Բոյկոտի առնչությամբ նշել էի, որ համաձայն Եվրոպական դատարանի դիրքորոշման` բոյկոտը հակառակ կարծիք արտահայտելու ձև է և պաշտպանված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և որ հատկապես խորհրդարանական բոյկոտը լայն տարածում ունի բոլոր ժողովրդավարական պետություններում: Ինչ վերաբերում է ցույցերի, երթերի ընթացքում ընդդիմադիրների արտահայտած կարծիքներին և հնչեցրած կոչերին, ապա այս դեպքում նույնպես դրանք պաշտպանված են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն): Եթե իշխանական պատգամավորների կարծիքով դրանք պարունակում են քրեական օրենքի խախտումներ, ապա դրանց պետք է տրվի քրեաիրավական գնահատական, իսկ եթե ոչ, դրանք հատկապես պատգամավորների համար ամբողջովին պաշտպանված են արտահայտվելու ազատությանը վերաբերող ներպետական և միջազգային նորմերով և, հետևաբար, դրանց համար նույնպես պատգամավորը չի կարող պատժվել:

Այս հարցում գործընկերներիս խնդրել էի հրապարակային խոսքով հանդես գալ իշխանական խմբակցության այս անընդունելի և մարդու իրավունքների տեսանկյունից խիստ խնդրահարույց վարքագծի վերաբերյալ, որը դեմ է ժողովրդավարական սկզբունքներին։

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ անդամ պետությունների դեսպաններն ի պատասխան հայտնել են, որ ԵՄ-ը և իր անդամ պետությունները մեծ կարևորություն են տալիս արտահայտվելու և հավաքների ազատությանը, և նշում, որ այնուամենայնիվ յուրաքանչյուր պետություն ունի իրավունք սահմանել կանոններ, ինչպես նաև կարգապահական ընթացակարգեր իր պաշտոնյաների և պատգամավորների համար՝ կապված նրանց պարտականությունների և պատասխանատվության հետ։

Մեջ բերելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները / Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաեւ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում /՝ միաժամանակ նշում են, որ ԵՄ պատվիրակությունն ու անդամ պետությունները չեն կարող դատել, թե արդյոք հուլիսի 1-ին կայացված որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը, և որ դա ՀՀ համապատասխան մարմինների խնդիրն է։

ԵՄ պատվիրակությունը և իր անդամ պետությունները հավատարիմ են մարդու իրավունքներին աջակցությանը և շարունակում են ուշադրությամբ հետևել իրավիճակին Հայաստանում։

Իսկ ահա Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսը ի պատասխան հայտնել է հետևյալը․ «Մենք ուշադրությամբ հետևում ենք Երևանում ընդդիմության ցույցերին վերաբերող իրադարձություններին։ Ինչպես հաստատված է Վենետիկի հանձնաժողովի կողմից

/ Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունների պարամետրերը /, քաղաքական ակցիաները կարող են իրականացվել տարբեր ուղղություններով, և նիստերին մասնակցությունը ակցիայի եզակի ձևը չէ։ Ուստի խորհրդարանական բոյկոտը կարող է դիտվել որպես ընտրված ներկայացուցիչների կողմից ակցիայի ձև»։

Պարոն Ջիակոմոպուլոսը ուշադրություն է հրավիրում Վենետիկյան հանձնաժողովի դիրքորոշմանը, համաձայն որի «այնուամենայնիվ հասկանալի կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր հաճախելիության կանոն և մատնանշվեին տույժեր` թերացող անդամների նկատմամբ՝ սկսած փոխհատուցման մասնակի կամ ամբողջական վերացումից մինչև ձայնի իրավունքից զրկումը, սակայն առանց մանդատի կորուստ նախատեսելու»։

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից Խորհրդարանի աշխատանքի կազմակերպված և երկարատև բոյկոտին, այն չի կարող ամբողջությամբ բացառվել որպես քաղաքական վարքագծի լեգիտիմ ձև, բայց այն թույլատրելի է միայն հազվադեպ և շատ ծայրահեղ հանգամանքներում, երբ Խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ է մեծամասնության գործողությունների արդյունքում։ Ընթացիկ քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունները, նույնիսկ դրանցից գլխավորները չեն կարող արդարացնել բոյկոտը։

Հավաստիացած եղեք, որ ես և ԵԽ համապատասխան ստորաբաժանումները շարունակում ենք հետևել իրավիճակին Հայաստանում, - վստահեցրել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսը։

Հուսամ` Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևություններ կանի միջազգային մեր գործընկերների հորդորներից և կդադարի վրեժխնդիր լինել ընդդիմադիրների նկատմամբ: Հակառակ դեպքում պետք է արձանագրել, որ Փաշինյանի կառավարությունը լայն քայլերով ոտնակոխ է անում ժողովրդավարական արժեքները։

Նմանատիպ նյութեր