Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն մահափորձի հետևանքով մահացել է
Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն, ում դեմ հուլիսի 8-ին մահափորձ է իրականացվել, մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ճապոնիայի NHK հեռուստաալիքը:
Ավելի վաղ Associated Press-ը մեջբերել էր Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի խոսքերն այն մասին, որ Աբեն ծանր վիճակում է:
Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հուլիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս հարձակման է ենթարկվել: Ճապոնիայի հանրային հեռարձակողը՝ NHK-ն փոխանցել է, որ հանցագործժը նախնական տվյալներով ինքնաշեն ատրճանակով կրակել է նրան թիկունքից: Հնչել է երկու կրակոց:
Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը ձերբակալված է:
Kyodo գործակալությունը հրապարակել էր լուսանկար, որտեղ երևում էր Ճապոնիայի նախկին վարչապետը հատակին՝ պառկած վիճակում, իսկ վերնաշապիկի վրա արյան հետքեր են: Լուսանկարում նաև պատկերված է, թե ինչպես են նրա շուրջը հավաքվել մարդիկ, իսկ նրանցից մեկը սրտի մերսում է իրականացնում: Դեպքի վայրում գտնված փրկարարներից մեկը հայտնել է, որ 67-ամյա Աբեն չէր շնչում և նրա սիրտը կանգ է առել հիվանդանոց տանելու ճանապարհին:
TBS-ն հայտնում է, որ ատրճանակից ստացված կրակոցները դիպչել են Աբեի կրծքավանդակի ձախ հատվածին ու ամենայն հավանականությամբ նաև պարանոցին:
Nihon TV հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի դեմ մահափորձ կատարած տղամարդն ավելի վաղ ծառայել Է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում: