Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության կարեւորությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:
Ինչպես հայտնում են Ազգային ժողովից, կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Երկուստեք բարձրաձայնվել է մեր երկրների միջեւ բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը:
«Ճապոնիան մեզ համար կարեւորագույն գործընկեր է, եւ Հայաստանը շահագրգիռ է առեւտրատնտեսական կապերի խորացմամբ, մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ, կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ուղղություններով համագործակցության խորացմամբ»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության կարեւորությանն առնչվող հարցեր:
Ճապոնիայի դեսպանը կարեւորել է ինտենսիվ փոխգործակցությունը տարբեր մակարդակներում՝ նշելով, որ շատ հաճախ ժողովրդական դիվանագիտությունն ավելի արդյունավետ դեր է ստանձնում՝ օգնելով դասական դիվանագիտությանը: