211652_close_icon

Տեղեկատվական պատերազմում ցանկացած «կրակոց» վտանգավոր է․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count1843 դիտում article-date 10:01 08-07-2022
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Օրերս Բաքուն անցավ բացահայտ շանտաժի՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մասնակցությամբ բեմադրելով զինվորական խորհրդակցության շոուն, որի ժամանակ վերջինս իր ենթակայության տակ գտնվող զինված ուժերին հանձնարարեց պատրաստ լինել «հայ ռեւանշիստական ուժերի հնարավոր սադրանքները կանխելուն»։ Այս հայտարարությունը Ադրբեջանի որդեգրած կեղծարարի գործելաոճի տրամաբանական շարունակությունն է, որն ամեն օր կրկնվում ու զարգացվում է հայկական ուժերի կողմից հրադադարը խախտելու մասին ապատեղեկատվություն տարածելով: Հայկական զինուժի կողմից հրադարի խախտման մասին կեղծ լուրերին եւ հայտնի խորհրդակցությանը հետեւեց Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի՝ հրադադարի ռեժիմի իրական խախտման դեպքը, երբ ադրբեջանցի դիրքապահները թիրախավորել էին գյուղի վարչական ղեկավարի անձնական ավտոմեքենան, որը վնասվել էր:

Ադրբեջանից տարածվող կեղծիքը, բնականաբար, կյանքի է կոչվում որոշակի տեղեկատվական ապահովմամբ: Առանձնակի ուշադրության է արժանի փաստը, որ ադրբեջանական ապատեղեկատվության թակարդում հետեւողականորեն «ընկնում» է ՌԴ պետական թիվ մեկ լրատվական գործակալությունը՝ ՏԱՍՍ-ը: Այս երեւույթը, թերեւս, առանձին դիտարկման կարիք չունենար, եթե վերջերս չարձանագրվեր մտահոգիչ փաստը: ՏԱՍՍ-ը պարտադիր հրապարակում է Ադրբեջանի ՊՆ-ի՝ ՀՀ ԶՈւ-ի կողմից հրադարարը խախտելու մասին իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունները եւ մի քանի ժամ անց՝ նաեւ ապատեղեկատվության վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի տարածած հերքումները:

Հավասարակշռության պահպանման այս գործելաոճը խախտվեց հուլիսի 5-ին, երբ ՏԱՍՍ-ը չանդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարարության՝ Խաչիկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական  զինուժի հրադադարի իրական խախտման փաստին, սակայն պարտաճանաչորեն հրապարակեց Ադրբեջանի ՊՆ-ի տարածած՝ միջադեպի հերքման տեքստը՝ թյուրիմացության մեջ գցելով հենց իր ընթերցողին, որն արդեն սովորել էր, որ նախ տեղեկանում էր սահմանային միջադեպի մասին լուրին, հետո միայն՝ հերքմանը: Վերջին դեպքում ՌԴ պետական լրատվամիջոցը հրապարակեց միայն Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերքման հայտարարությունը, եւ ՏԱՍՍ-ի ընթերցողն այդպես էլ չիմացավ, թե ինչ է հերքում Բաքուն: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ նման վրիպակ է թույլ տալիս Ռուսաստանի պետական թիվ մեկ լրատվամիջոցը, ինչն օրինաչափորեն լուրջ ենթադրությունների եւ դատողությունների հիմք է տալիս»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր