211652_close_icon
views-count527 դիտում article-date 22:06 27-06-2022

ԱԻՆ-ում հյուրընկալվել է ԱՄՆ դեսպանատան Երկկողմ համագործակցության գծով սպա մայոր Մայքլ Հայեսը. քննարկվել են ընթացիկ ծրագրերը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 27-ին հյուրընկալվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Երկկողմ համագործակցության գծով սպա մայոր Մայքլ Հայեսը: Նրանց ընդունել են ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և ԱԻՆ ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, հանդիպմանը ներկա էին տնօրենի տեղակալ, գնդապետ Կարապետ Մանուկյանը և դեսպանատան ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը:

Կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, քննարկել համագործակցության շրջանակում նախատեսվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Դավիթ Համբարյանն առանձնացրել է մի քանի կարևոր ծրագրեր, որոնք իրականացման փուլում են: Մասնավորապես ընթացքի մեջ է Սևանի ազգային պարկի տարածքում գործող հատուկ ջրափրկարարական կենտրոնի, Աշոցքի, Եղեգնաձորի, Բաղրամյանի և Ստեփանավանի ջոկատների շենքերի կառուցման աշխատանքները:

Արմեն Գասպարյանն էլ ընդգծել է, որ ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում. առկա է հարուստ օրակարգ՝ անձնակազմի վերապատրաստումից մինչև շենքային պայմանների բարելավում:

Մայքլ Հայեսն իր հերթին նշել է, որ նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հայ-ամերիկյան համատեղ վարժանքի անցկացման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը շատ հետաքրքրված է միջոցառման անցկացմամբ և պատրաստ է քննարկել բոլոր մանրամասները:

Նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հանդես է եկել առաջարկներով, որոնց շարքում է կինոլոգիական ջոկատի շենքային պայմանների բարելավումը: Հանդիպման վերջում զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը:
 

Նմանատիպ նյութեր