211652_close_icon
views-count1467 դիտում article-date 16:22 23-06-2022

Հարկային եկամուտները 30 տոկոսով ավելի են. Կառավարությունը բյուջեի եկամուտներից 40 մլրդ դրամ ուղղեց պահուստային ֆոնդ

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով 2022 թվականի բյուջեի եկամուտները ավելացրեց 40 մլրդ դրամի չափով եւ այդ միջոցներն ուղղեց կառավարության պահուստային ֆոնդ:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այս տարվա կիսամյակի տվյալներով հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին. «Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են 911 մլրդ դրամ եւ դա 30 տոկոսով ավելին է, քան 2021-ի ցուցանիշը: Հարկային եկամուտների աճտը պայմանավորված է մի քանի գործոնմներով, դրանց թվում հարկային վարչաչարարության բարելավումն է, 2021-ի արդյունքներով շահութահարկ վճարողների հանրագումարային հարկվող շահույթի ավելի մեծ  աճն է: Երրորդ պատճառը խտանյութերի համար պետական տուրքի գումարն է, որը մենք նախատեսել էինք 2022-ի բյուջեում, բայց մի քիչ զգուշավոր էինք եղել, նախատեսել էինք տարվա համար 50 մլրդ դրամ, մինչդեռ այսօրվա դրությամբ արդեն 38 մլրդ ունենք: Առաջին կիսամյակում ունենք որոշակի գնաճային միջավայր, որն ավելի բարցր է, քան բյուջեի հիմքում դերված ցուցանիշները: Սա որոշակի հարկատեսակների դեպքում հանգեցնում է բազաների ընդլայնման:

Մենք գնահատում ենք, որ  այսօրվա դրությամբ հարկային եկամուտները բավարար հիմք են տարեկան ցուցանիշը այս փուլում 40 մլրդ դրամով ավելացնելու համար»,-ասաց նախարար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ 2021-ի արդյունքներով, մենք բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ավել ենք կատարել 147 մլրդ դրամով. «Այսօրվա դրությամբ բյուջեում մոտ 46 մլրդ դրամի ավել հավաքագրումներ ունենք: Մենք արդեն ապրիլին գիտեինք սա: Ֆինանսների նախարարության հետ խորհրդակցելով, եկանք եզրակացության, որ դեռ չներառենք պահուստային հիմնադրամ, սպասենք կիսամյակի ավարտին: Այս փուլում պահուստային ֆոնդն ավելացնում ենք 40 մլրդ դրամով: Մենք բյուջեում ունենք կապիտալ ծրագրեր, որոնք այդ պահի դրությամբ բյուջետային ծախսի մեջ չի տեղավորվել եւ մենք պահել ենք հենց այսպիսի դեպքերի համար: Մյուս կողմից կարծում ենք, որ բյուջեի եկամուտները էլի կավելանան եւ գիտենք՝ ինչի արդյունքում: Հիմա նախարարություններից սպասում ենք, որ նոր ծրագրեր ներկայացնեն: Բյուջեի քննարկման ժամանակ նախարարություններն ասում էին՝ անհետաձգելի ծրագրեր կան: Հիմա այդ ծրագրեր կբերեք, կտեսնենք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունը պատրաստվում է Երեւանում ստեղծել Արթուր Աբրահամի մարզադպրոցը. «Հիմա էլ եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի մարզադպրոցը: Այս շրջանակներում նախագծերը պատվիրենք, մեր չեմպիոնների հետ էլ խորհրդակցենք, նրանք պետք է հետագա կառավարմանը շատ կոնկրետ մասնակցություն ունենան»:

Նմանատիպ նյութեր