211652_close_icon
views-count1022 դիտում article-date 23:16 22-06-2022

Դատաիրավական համակարգի բարեփոխումներն, ըստ էության, տապալված են. ո՞վ պետք է պատասխան տա…«Արդար Հայաստան» կուսակցություն

2019թ. մայիսի 20-ին ՀՀ կառավարությունում Ն. Փաշինյանը հայտարարեց հետևյալը. Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, և գործընթացը պետք է արտահայտվի հետևյալում.
1. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

2. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
3. Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:
4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։

Վերը նշված կետերից որևէ մեկը մինչ օրս չի կատարվել, ինչը նշանակում է, որ դատական համակարգի բարեփոխումների ծրագիրը տապալվել է, քանի որ՝
1. Դատական համակարգում վիրահատական միջամտություններ չեն կատարվել։
2. Գործող բոլոր դատավորները vetting-ի չեն ենթարկվել և չեն ենթարկվելու։
3. Որևէ դատավոր հրաժարական չի տվել, չի հեռացել կամ չի հեռացվել։
4.Անցումային արդարադատության գործիքակազմը չի ներդրվել և չի ներդրվելու:
5.Կոռուպցիան արմատախիլ չի արվել, և որևէ կոռուպցիոներ պատասխանատվության չի ենթարկվել:
 
Ի հեճուկս վերը նշվածի, տառացիորեն երկու օր առաջ հրապարակված Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի հայտնի ձայնագրության բովանդակությամբ մեկ անգամ ևս հավաստվեց, թե դատաիրավական համակարգում իրականում ինչպիսի բարքեր են տիրում:
Մենք արձանագրում ենք, որ այս մտածողությամբ, ընկալումներով և վարքագծով երբեք հնարավոր չի լինի ապահովել դատաիրավական համակարգի իրական բարեփոխումները:
Միայն պատկերացնել կարելի է, թե ինչպիսի երևույթների մասին կիրազեկվեինք, եթե ամբողջ ձայնագրությունը հրապարակվեր:

Ակնհայտ է, որ գործող իշխանությունը կորցրել է ճիշտ պահը և, ըստ էության, չկարողացավ համապատասխան կամք դրսևորել ու արմատախիլ անել այդ համակարգում արմատացած հոռի բարքերը:

Եթե նախկին իշխանությունների ժամանակ հաջողվում էր ակնհայտ անմեղ մարդկանց նկատմամբ իրականացնել շինծու քրեական հետապնդումներ ու երկար տարիներով նրանց դատապարտել ազատազրկման, ապա այս իշխանությունների օրոք չի հաջողվում ակնհայտ ու բացահայտ ենթադրյալ հանցագործներին օրինական ճանապարհով դատապարտել ու պատասխանատվության ենթարկել:

Ցավոք սրտի, գործող իշխանությունը վիժեցրեց  դատաիրավական  համակարգի բարեփոխումները:

 Չորս տարվա ընթացքում  չհաջողվեց  վերափոխել  դատաիրավական  համակարգը,  պատասխանատվության  ենթարկել  հանցագործություն  կատարած  և  կոռուպցիայի  մեջ  թաթախված  պետական  բարձր  պաշտոններ զբաղեցրած անձանց։
 
Հարգելի՛ հայրենակիցներ
Հաշվի առնելով, որ ամբողջությամբ ձախողված է կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը  զրոյացրել է դատաիրավական համակարգի նկատմամբ ունեցած առանց այդ էլ ցածր վստահությունը, արձանագրելով, որ օրինականության վերականգնման գործընթացն ամբողջությամբ հեղինակազրկված է, ընդգծելով, որ ամբողջությամբ տապալված է ՀՀ կառավարության 2019-2023թթ. «Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը», մասնավորապես՝ դատական իշխանության անկախության ու անաչառության, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգի ստեղծման, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման և փաստահավաք հանձնաժողովի ստեղծման գործընթացները, «Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է ՀՀ կառավարությունից և ՀՀ Ազգային Ժողովից հաշվետվություն ներկայացնելով հանրությանը, թե որո՞նք են եղել այս համակարգերի տապալման հիմնական պատճառը և ձեռնարկել ըստ իրավասությունների համապատասխան քայլեր՝ բոլոր մեղավորներին պատժելու համար:
 
«Արդար Հայաստան» կուսակցությունը վճռականորեն հայտարարում է, դատաիրավական համակարգը պետք է մաքրել բոլոր տեսակի ոչ կոմպետենտ, կոռումպացված, մինչև ուղնուծուծը կեղծիքի մեջ թաթախված անձանցից՝ ստեղծելով իսկապես պրոֆեսիոնալ կարողությունների, մասնագիտական բարեխղճության և օրենքի հիման վրա գործող դատաիրավական անկախ համակարգ։
 
«Արդար Հայաստան» կուսակցության
կառավարման խորհուրդ
22.06.2022թ.


 

Նմանատիպ նյութեր