211652_close_icon
views-count1131 դիտում article-date 14:40 16-06-2022

ՔՊ-ում ընդդիմադիրներին մանդատից զրկելու քննարկում կա, տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն. Հովհաննիսյան

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկում կա՝ նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներից ոմանց մանդատից զրկելու հարցի վերաբերյալ: Տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն, քննարկվում է նաև վարչական պաշտոնների հարցը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասացին իշխանական խմբակցության պատգամավորները ԱԺ ճեպազրույցում:

«Խմբակցությունում նման քննարկում կա: Այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը և թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել: Եվ խմբակցության տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն, քննարկումներ կան, որոշում չկա»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ քննարկվում է նաև վարչական պաշտոնների հարցը: Պատգամավորը վստահեցնում է, որ իշխանական խմբակցությունը մշտապես քննարկում է բոլոր հարցերը, որոնք բխում են հանրային պահանջից:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է որոշում կայացվի նաև հետ կանչել հանձնաժողովների ընդդիմադիր պատգամավորներին և ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին, որը կարգավորվում է որոշման նախագծով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը պատասխանեց, որ հանձնաժողովի արդեն որերորդ նիստն է, որ անցկացնում են առանց հանձնաժողովի նախագահի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի:

«Արդեն որերորդ նիստն ենք անցկացնում առանց հանձնաժողովի նախագահի: Հանձնաժողովում քննարկվել է նման հարց»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ խմբակցությունն է որոշում կայացնում, իսկ խմբակցությունում կոնկրետ այդ հարցով քննարկում չի եղել:

 

Նմանատիպ նյութեր