211652_close_icon
views-count1392 դիտում article-date 10:28 16-06-2022

Հրճվելու առիթ կա՞․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ֆրանսիայի հրապարակից վրանները, վերջապես, վերացան: Դա ուրախալի լուր է այնքանով, որ մայրաքաղաքի կենտրոնի կյանքը վերադարձավ սովորական հուն, եւ մարդիկ պարտադրված չեն լինի ժամանակ կորցնել խցանումների մեջ: Իսկ այդ խցանումներից դժգոհ էին բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից:

Նույն իրադարձությունն իշխանավորներին եւ նրանց երկրպագուներին առիթ տվեց չարախնդալու, ընդդիմադիրներին ծաղրուծանակի ենթարկելու եւ հրճվալից աղաղակներ արձակելու: Իբր իրենք հաղթել են, իսկ ընդդիմությունը՝ պարտվել: Թո՛ղ այդպես լինի: 2020 թվականի նոյեմբերի 9-ի պարտության կողքին այս «հաղթանակը» կատարյալ 0 է: Իսկ ովքե՞ր են այդ պարտության եւ նվաստացման հեղինակները՝ ինձ մոտ ոչ մի կասկած չի հարուցում՝ անկախ նրանից, թե ինչ արդարացումներ եւ հեքիաթներ են այդ առիթով հորինվում, եւ քանի հոգի է այդ արդարացումներին հավատում: Դա այն դեպքը չէ, երբ ճշմարտությունը որոշվում է ձայների մեծամասնությամբ: Ադրբեջանի բնակչության 90 տոկոսը, հավանաբար, համոզված է, որ հայկական եկեղեցիները աղվանական են, դրանից այդ եկեղեցիներն աղվանական չեն դառնում:

Հանուն արդարության պետք է ասել, որ այս երկու ամսվա ընթացքում իշխանության մարտավարությունը ճիշտ էր այն մասով, որ Ֆրանսիայի հրապարակի վրանները չէին հանվում ոստիկանական ուժերի բռնության միջոցով: Եթե այդպես լիներ, դա ավելորդ խաղաքարտ կտար ընդդիմադիրներին: Իսկ այս պարագայում ցույցերի կազմակերպիչներն իրենք ընդունեցին, որ բողոքի այդ ձեւը իշխանավորներին որեւէ ձեւով չի խանգարում, իսկ շարքային քաղաքացիներին անհանգստություն է պատճառում: Դա պետք է ավելի շուտ խոստովանեին: Եթե մի քանի օրում չհաջողվեց իշխանափոխության հասնել, ապա շարունակելն անիմաստ էր: Սեփական սխալներն ընդունելն ամոթալի վարքագիծ չէ:

Իշխանություններին հաջողվեց համոզել հասարակության մի մասին, թե իբր ցույց անողները միլիոնատերեր են, նրանց միակ նպատակը սեփական դղյակները պաշտպանելն է եւ «նախկիններին» իշխանության բերելը: Դա ակնհայտ սուտ է. իհարկե, ցուցարարների մեջ կան տարբեր մարդիկ, նաեւ նրանք, ում մտադրությունները մաքուր չեն: Բայց բողոքների մասնակիցների հիմնական մասը, կարծում եմ, քաղաքացիներ են, որոնք իսկապես մտահոգված են Հայաստանի եւ Արցախի ճակատագրով եւ սպասվող խիստ անբարենպաստ զարգացումներով: 

Բայց ինչո՞ւ է իշխանություններին հաջողվում այդ սուտը, կոպիտ ասած, «կերցնել»: Ընդդիմության լիդերները պետք է վերլուծեն այդ խնդիրը եւ համապատասխան հետեւություններ անեն: Եթե, իհարկե, նրանք քաղաքական գործիչներ են, ոչ թե՝ պարզապես քաղաքական թեմաներով քնարերգուներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր