211652_close_icon
views-count1235 դիտում article-date 10:53 09-06-2022

ՀՀ-ում ՄԻՊ-ի նկատմամբ վստահության ամենացածր մակարդակը եղել է Կարեն Անդրեասյանի ժամանակ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Կովկասյան բարոմետրի հետազոտությունը բովանդակում է նաև առանձին ուսումնասիրություն, որը նվիրված է 2008 թվականից սկսած Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի կամ օմբուդսմենի նկատմամբ քաղաքացիների վստահությանը:

Հետաքրքիր է, որ 2008թ. պաշտոնավարել է Արմեն Հարությունյանը, և նրա օրոք վստահությունը կարելի է համարել բավարար 39% լիարժեք վստահության ցուցանիշով՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակ կառույցը դեռ նոր էր կայանում, և մարդիկ էլ առանձնապես տեղյակ չէին դրանից: Ընդ որում, ուշագրավ է, որ վստահության դրական ցուցանիշը վերաբերում է 2008թ., երբ Արմեն Հարությունյանը հրապարակեց Մարտի 1-ի գործով իր զեկույցը:

Ամենաուշագրավն այն է, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վստահության ամենացածր մակարդակը եղել է 2011-2016թթ. հունվար ամիսը պաշտոնավարած ստանձնած Կարեն Անդրեասյանի ժամանակ: Մասնավորապես, Կովկասյան բարոմետրի հետազոտությունը վկայում է, որ 2011 թվականից սկսած վստահությունը Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ հետևողականորեն իջնում է: Եթե 2011թ. եղել է 28%, ապա 2013-ին արդեն Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վստահությունը եղել է ռեկորդային 18%: Գրեթե նույն վիճակը պահպանվել է նաև 2014 ու 2015 թվականներին:

Այսինքն՝ Հայաստանում այս կառույցն իր գոյության ողջ պատմության մեջ ամենավատ վիճակում եղել է այն ժամանակ, երբ այն ղեկավարել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարից ոգեշնչվող, Արդարադատության ներկայիս նախարար Կարեն Անդրեասյանը, որն ամեն առիթով փորձում է վնաս հասցնել ոչ միայն Արման Թաթոյանին՝ նսեմացնելով նրա կատարած աշխատանքը, այլև ողջ կառույցի աշխատանքը:

Հիշեցնենք, երբ 2021թ. Կառավարության նիստից հետո լրագրողները Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հարցրել էին՝ ինչո՞ւ է իր գլխավերևում կախել Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը, նա պատասխանել էր.

«Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, և, այո, լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»,- ասել էր Անդրեասյանը:

Հայտնի փաստ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կամ օմբուդսմենի արդյունավետությունը կախված է նրանից, թե որքան են նրան վստահում քաղաքացիները և որքան է նրա հանրային հեղինակությունը: Ակնհայտ է, որ Կարեն Անդրեասյանի դեպքում արդյունավետության մասին խոսելն ավելորդ է:

Ընդ որում, հավանաբար վստահության նման ցածր աստիճանը և Մարդու իրավունքների պաշտպանի կառույցը վարկաբեկելու, պատմական աղետալի վիճակի հասցնելու պատճառն էր, որ նա իր ձախողումները, պետական կառույցի առաքելության տապալումը փորձում էր անընդհատ փրկել իր դեմ նախկին իշխանությունների իբր «արշավներով»: Մինչդեռ, այդպես էլ չտեսանք, որ նա գեթ մեկ ապացույց ներկայացնի իր դեմ «իշխանական» արշավի վերաբերյալ»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր