Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Երկրորդ օրը՝ առանց մեդալների
Ալբանիայի Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Երեկ ՝ հունիսի երկուսին ասպարեզ ելան Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Նրանցից Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ / համարվում էր չեմպիոնի իրական թեկնածուներից մեկը: Բայց այդպես չեղավ: Էջմիածինցին պոկում վարժությունում իր կամքին ենթարկեց 174 կգ ծանրությունը և գրավեց երկրորդ տեղը: Հույսը մնաց հրումը: Առաջին մոտեցումը հաջողությամբ պսակվեց և նա գլխավերևում պահեց 191 կիլոգրամանոց ծանրաձողը: Այնուհետև նա 5 կգ –ով ավելացրեց ծանրաձողի քաշը, որը հաղթահարել չկարողացավ մեր պատվիրակը և երկամարտի 365 կգ արդյունքով եզրափակեց առաջին հնգյակը:
Նույն քաշային մեր երկրորդ պատվիրակ Վարդան Մանուկյանը պոկումում 160 կգ –ով յոթերորդն էր: Հրումում նա զրո ստացավ: Նման ճակատագիր վիճակվեց նաև կանանց առաջնության մասնակից մեր Տաթև Հակոբյանին / 76 կգ /, թեև նա պոկումում 104 կգ արդյունքով ճանաչվեց երրորդը, իսկ զրո ստացավ դարձյալ հրումում:
Այսօր ՝ հունիսի 3-ին, ժամը 22։00-ին, մրցահարթակ կելնեն մեր Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը / երկուսն էլ՝ 96 կգ /: