211652_close_icon
views-count31952 դիտում article-date 10:45 25-05-2022

Ձեզ բացակա չենք դնի. Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած երկվորյակ եղբայրներ Ռուբենը և Արմենը հայոց աշխարհը հիմա էլ հսկում են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի բարձունքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին,
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
Ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր- բարձունքը մերն է, տղերքը… չկան։

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, Արմավիրի մարզի Արաքս գյուղում ծնված երկվորյակ եղբայրներ Ռուբեն և Արմեն Շահինյանները բանակ զորակոչվելիս բարձրացել էին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և այնտեղ ծաղիկներ խոնարհելով հերոսների շիրիմներին՝ մեկմեկու ասել էին. «Գնում ենք բանակ՝ բաց ճակատով ու ծառայելու ենք այնպես, ինչպես մեզ պատգամել են մեր ծնողները, պապերը, հարազատներն ու հարազատ դպրոցի ուսուցչական կոլիկտիվը, ու այս բարձունքից՝ ի լուր աշխարհի՝ ասում ենք՝ պատրաստ ենք կյանքի գնով պահել հող-հայրենին՝ Հայաստանն ու Արցախը, պատրաստ ենք կյանքի գնով կյանք տալ, որպեսզի ոչ մի թշնամի չհամարձակվի ոտնձգություն կատարել Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Մենք վստահ ենք, որ նոր Սարդարապատներ ենք ունենալու...»։

Ու հենց Սարդարապատի բարձունքից էլ երկվորյակ եղբայրները մեկնեցին ծառայության Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, եղբայրները իրենց զինակից ընկերների հետ կենաց-մահու պայքար տվեցին ամենաթեժ կետերում ու նահատակվեցին առաջնագծում իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարելիս։ 

Հիմա արդեն լեգենդ դարձած երկվորյակ եղբայրները Հայաստան աշխարհը հսկում են Սարդարապատ հերոսամարտի հուշահամալիրի բարձունքից, որտեղ ամփոփված են նրանց աճյունները։ 

***
Ռուբեն և Արմեն Շահինյանները ծնվել են 2001թ․ սեպտեմբերի 24-ին։ Կրթությունը ստացել են Արաքսի Զ․ Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Գերազանց առաջադիմությամբ փայլում էր Արմենը։ Եղբորն էլ սաստում էր և ստիպում պատրաստ և կոկիկ ներկայանալ դասերին։ 2019թ․ Արմենը ընդունվում է ՃՇՀԱՀ և կիսատ թողնելով ուսումը՝ մեկնում հայրենիքին պարտքը տալու։ Ռուբենն էլ որոշել էր բանակից վերադառնալուն պես տեխնոլոգի մասնագիտություն ձեռք բերել։ 

 2019թ․ դեկտեմբերի 17-ին եղբայրները զորակոչվել են բանակ։ Ծառայում էին Մարտակերտում։ Ծառայության ընթացքում բարձր առաջադիմության և կարգապահության շնորհիվ ստացել են ստացել են սերժանտի կոչում։ 

Դեռ 9 ամսվա ծառայող էին, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Պատերազմի հենց սկզբում եղել են կռվի ամենաթեժ կետերում։ Սկզբնական օրերին ամուր պահել են Մարտակերտի հարազատ դիրքերը։ Այնուհետև տեղափոխվել և ծանր մարտեր են տարել Մատաղիսում՝ ոչնչացնելով թշնամու մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա։ 

Հոկտեմբերի 22-ին փորձում են եղբայրներին բաժանել, սակայն նրանք չեն համաձայնվում՝ ասելով․ «Պարո՛ն գեներալ, միասին ծնվել ենք, եթե պետք լինի, միասին էլ կզոհվենք, մեզ Աստված չի կարողացել բաժանի, դուք ո՞նց եք բաժանում»։ 

Եվ Մատաղիսից տղաներին տեղափոխում են Մարտունու Գիշի գյուղ, որից հետո բարձրանում են Ուլյան լեռ։ Նրանց գումարտակին էր վստահված Մոնթեի ազատագրած բարձունքի պաշտպանությունը։ Անհավասար պայմաններում թեժ մարտեր մղելով՝ վաշտի հերոս տղաները ամուր են պահում դիրքերը։ Նրանց ջոկատին անվանում էին «Սև դելֆին»։ Թշնամին, տեսնելով, որ չի կարողանում դիմադրել, հրթիռահրետանային և ավիահարվածների է ենթարկում մարտական գծի ողջ երկայնքը, որից հետո շուրջ 7 օր տևած մարտերից հետո անմահանում են 17 հերոս մարտիկները, որոնց մեջ էին նաև զույգ եղբայրները։ 

Դաժան իրականությունը հաստատվեց 1 տարի անց՝ դատաբժշկական փորձաքննությամբ։ Մի ընտանիքից երկու հերոս․․․արդարությունն էլ է երբեմն հիվանդանում, երբեմն էլ՝ մեռնում։ Տղաները հանգչում են Սարդարապատի բարձունքում՝ այնտեղից հսկելով հարազատ գյուղի անդորրը։ Միասին երկրային աշխարհ եկան, միասին էլ բռնեցին հավերժի ճամփան։ 

Մարտական ընկերները հիացմունքով են պատմում Արմենի համեստության, հանգստության և Ռուբենի ճարպկության, արագաշարժության մասին։ Նշում են, թե որքան տարբեր էին և միևնույն ժամանակ՝ անբաժան։ Պատմում են, որ բավականաչափ հեռավորության վրա Արմենը նկատում էր թշնամու դիտակետերը և նշանառության տակ պահում դրանք։ Իսկ հոգատար(դելֆինի նման) Ռուբենը փորձում էր, որքան հնարավոր է, շատ զինվորների փրկել՝ ոմանց տաքացնելով, ոմանց առաջին օգնություն ցույց տալով, մյուսներին կերակրելով, տեղափոխելով․․․


Հավերժ փա՛ռք Ձեզ, Հերոսներ

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատկված, լեգենդ դարձած երկվորյակ եղբայրներ, 18-ամյա Ռուբեն և Արմեն Շահինյաններն են

 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր