211652_close_icon
views-count1710 դիտում article-date 13:27 13-05-2022

Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Թալինի ավագանու լիազորությունները. կլինեն նոր ընտրություններ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները եւ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել:

Առաջարկվել է ԿԸՀ-ին սույն որոշումն ուժի մեջ  մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում նշանակել Թալին համայնքի ավագանուարտահերթ ընտրության անցկացման օրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին միավորված համայնքում տեղի է ունեցել համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն: Թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ Թալին համայնքի ավագանին ընտրվել է և մանդատները բաշխվել են 4 կուսակցությունների միջև.

1) «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝6 մանդատ.

2) «Հայք» լիբերալ կուսակցություն՝3 մանդատ.

3) «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ,

4)«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 10 մանդատ:

Դեկտեմբերի 17-ին կայացել է Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ընդունվել է ավագանու որոշում, որի համաձայն՝ Տավրոս Սափեյանն ընտրվել է համայնքի ղեկավար: Սակայն, առ այսօր չի կայացել համայնքի ընտրված ղեկավարի երդման արարողությունը՝ ավագանու անդամների քվորումը չապահովվելու հիմքով:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները միասնաբար բոյկոտել են ավագանու նիստերը:

Ս.թ. փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ՝ Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով Թալին համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չի ստանձնել:

Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե`

1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում»:

Այդ ժամկետը լրացել է ս.թ. մայիսի 8-ին:

Ելնելով վերոգրյալից՝ մշակվել և Կառավարության քննարկմանն է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

Նմանատիպ նյութեր