211652_close_icon
views-count3402 դիտում article-date 21:36 12-05-2022

«Սա առևանգում է». խուզարկություն` Ավետիք Չալաբյանի բնակարանում. ոստիկանները բերման ենթարկեցին նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Ոստիկանությունը քիչ  առաջ խուզարկություն է արել «5165» շարժման համախոհ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի բնակարանում, ապա նրան բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

«Խուզարկությունը իրականացվել է օրինական թույլտվությամբ, խուզարկության հետեւանքով ոչ մի բան չի հայտնաբերվել եւ չէր էլ կարող հայտնաբերվել։ Սակայն, ոստիկանության աշխատակիցները պահանջում են, որ ես գնամ ոստիկանական բաժանմունք, բայց դրա համար հիմքեր չեն ներկայացնում։ Ես այդպես կոչված՝ քրեական գործով որեւէ դատավարական կարգավիճակ չունեմ։ Ամեն դեպքում ես պատրաստ եմ փաստաբանիս հետ գնալ ոստիկանական բաժանմունք եւ օժանդակել գործի քննությանը, որը ցույց կտա, որ հարուցված քրգործը ինձ հետ կապ չունի»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը, որից անմիջապես հետո ոստիկանները բռնեցին նրա թեւերից եւ նստեցրին ոստիկանական մեքենա։

Ավետիք Չալաբյանը սա որակեց որպես առեւանգում։

******

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:

Հիշյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին  լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործի նախաքննության ընթացքում վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ավետիք Չալաբյանը:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները  պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր