211652_close_icon
views-count2191 դիտում article-date 09:01 06-05-2022

ՀՀ նախագահն արձագանքել է ընդդիմության պայքարին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ից Երեւանի Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը սկսեց շուրջօրյա պայքար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մայիսի 1-ից փակ է Երեւանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակը, եւ արդեն չորս օր է՝ առավոտից մինչեւ կեսօր, պարալիզացված են մայրաքաղաքի եւ Հայաստանի մի շարք մարզային ճանապարհներ:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ հետաքրքրվել՝ ինչ է նա մտածում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ դրա հանգուցալուծման մասին: Հետաքրքրվել էինք նաեւ՝ որպես նախագահ՝ ինչ է անում երկրում ներքաղաքական լարվածության հանգուցալուծման համար: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրմանը՝ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին. «Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:

Թերեւս դրական է, որ ՀՀ նախագահը գոնե հետեւում է իրադարձություններին: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հորդորել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին նստել սեղանի շուրջ եւ հանգուցալուծել իրավիճակը՝ հանուն ՀՀ-ի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր