211652_close_icon
views-count30990 դիտում article-date 15:23 05-05-2022

Լարված իրավիճակ՝ Նորք Մարաշում. բնակիչներն ասում են. «ԱԱԾ գնդապետը պետական ճանապարհը զավթում է, իսկ թաղապետարանն ասում է՝ հետը լեզու գտեք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի 5-րդ փողոցի բնակիչները հավաքվել էին նշված փողոցում և փորձում էին հասկանալ, թե ինչպես է պատահել, որ նշված փողոցի բնակիչը, իրեն վեր դասելով օրենքից, արգելում է մոտ 15 սեփական տների բնակիչների ազատ տեղաշարժը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Դեռ սովետական տարիներից այս ճանապարհը բաց է եղել։ Ոչ մի խոչընդոտ։ Միշտ էլ երթևեկել ենք թե ոտքով, թե ավտոմեքենայով։ Հիմա, չգիտես ինչպես, մեր փողոցի բնակիչ Կարեն Մերտարչյանը շինթույլտվություն է ստացել և տուն է կառուցում, ինչի համար ուրախ ենք, նույնիսկ շնորհավորում ենք, որ տուն է սարքում։ Բայց այն, որ ասում են, թե ախորժակն ուտելուց է բացվում, լրիվ էդ վիճակն է։

Տարիներ առաջ փողոցի մի հատվածում ցանկացել է քարե ավտոտնակ կառուցի, սակայն պատկան մարմիններն արգելել են, ու այդ կառույցը կիսատ է մնացել։ Հիմա նա որոշել է, որ պետք է այդ ճանապարհը իրենով անի։ Լրիվ Թումանյանի «Չարի վերջ»-ն է, որ ասում է «էս սարն իմն է, էս ծառն իմն է»։

Դիմել ենք Նոր Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, նույնիսկ այնտեղից այցելել են ու պատրաստակամություն են հայտնել փողոցը բարեկարգեն, լուծեն արտաքին լուսավորության խնդիրը, բայց մեզ ասում են՝ սաղ հարևաններով լեզու գտեք Կարենի հետ։

Ստացվում է, որ պետական պաշտոնյաները, տվյալ դեպքում՝ Նորք Մարաշի թաղապետարանի մասին է խոսքը, ուզում են՝ լավ բան անեն, բայց չեն կարողանում։ Էփած հավի ծիծաղը կգա անգամ։ Օդից կախված լուրերի համաձայն՝ Կ. Մերտարչյանը Երևան քաղաքապետարանում միշտ կարողանում է կանխել, երբ պետք է գան, այդ կիսակառույցը քանդեն ու ճանապարհը վերականգնեն։ 

Այդ կիսակառույցի տակով անցնում են կոյուղատարերը, 5-ից ավելի դիտահորեր կան, ու եթե դիտահորերը խափանվեն, ո՞վ է դրա դեմն առնելու։ 15 տուն կա, որտեղ բնակվում են նաև տարեցներ։ Շտապօգնություն կանչելու համար բժիշկները եսիմ որտեղ պիտի շտապօգնության ավտոմեքենան կայանեն, նոր ոտքով գան։ Իսկ եթե արտակարգ դեպք պատահի, այդ թվում՝ հրդեհ, փրկարարները ո՞նց են տարհանելու մարդկանց, հրշեջ մեքենան ո՞նց է մոտենալու կրակի օջախներին, չգիտենք։

Ճիշտն ասած, ուզում ենք հավատանք, որ Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ այդ խնդիրը կլուծի՝ ի շահ բնակչի։ Հակառակ դեպքում կարող ենք մտածել, որ Կ. Մերտարչյանը կարող է իրեն համարել ամենազոր, մանավանդ, որ ինքն աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով էլ գնդապետ է»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր