211652_close_icon
views-count59361 դիտում article-date 20:38 03-05-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 21-ամյա Գերասիմ Ահարոնյան. Արմավիրում բացվեց նրա անվան խաչքար-հուշաղբյուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 3-ին, Արմավիր քաղաքի լեգենդ դարձած հերոսների Զինվորական պանթեոնում Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, արմավիրցի Գերասիմ Ահարոնյանի ծննդյան 21-րդ տարեդարձը նշվեց:

Ներկա էին լեգենդ դարձած հերոսի, ում ավելի շատ ճանաչում էին Գերաս, հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, այդ թվում՝ արմավիրցի լեգենդ դարձած  ու նահատակված հերոսների ծնողներ, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը,  հյուրեր ոչ միայն Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից, այլ նաև Արցախից:

Հերոսի շիրիմին նախ ծաղիկներ խոնարհվեցին, ապա տեղի ունեցավ խնկարկում: Այցելուները հերոսի շիրիմին հիշում էին մեծն Սևակի խոսքերը՝ Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիտ ժամանակին ու ասում էին. «Մեր քաղաքի պարծանք, մեր սրտի Գերասը ոչ ուշ եկավ, ոչ էլ ուշացած: Նա եկավ ճիշտ ժամանակին ու նա բազմաթիվ առյուծ ու արծիվ զինվոր տղերքի ու սպաների նման մեզ համար տվեց ամենաթանկը՝ իր կյանքը:

Այնուհետև հերոսի շենքի բակում, որտեղ անցել է նրա մանկութունն ու պատանեկութունը, որտեղից մեկնել էր բանակ, տեղի ունեցավ նրա անվամբ խաչքարի բացում:

Սպիտակ ժապավենը խաչքարի վրայից իջեցրեց հերոսի եղբայրը՝ Գոռը, այնուհետև հոգևոր հովվի կողմից  օծվեց խաչքարը ու Հայաստանի օրհներքի ներքո հերոսի եղբայր Գոռը բարձրացրեց եռագույնը:

Ելույթով հանդես եկավ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ով իր խոսքում նշեց, որ Գերասի ու նրա նման հերոս տղերքի շնորհիվ է, որ այօսր մենք ապրում ենք, որ այսօր մեր երկիրը կա, Արցախը կա:

Այնուհետև   ելույթով հանդես եկան Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 ավագ  դպրոցի սաները, ովքեր  դասեր են անցկացնելու նաև Գ. Ահարոնյանի անվան դասասենյակում:

Ներկաները նշում էին նաև. «Այսօր արմավիրցի հերոսը կդառնար  21 տարեկան, բայց մեզ ինչքան էլ ցավը խեղդի, մի բան բաց ճակատով կարող ենք բարձրաձայնել, որ Գերասը իսկական հայի գենով առաջնորդվող, Հայկ Նահապետի ոգով, մեր բազմաթիվ լեգենդ դարձած, Հայաստանի և  Արցախի ազգային հերոսներ Մոնթեի,  Սպարապետ  Վազգեն Սարգսյանի, Թաթուլ Կրպեյանի, Գեղազնիկ Միքայելյանի, Կոմանդոսի և մյուսների նման ամեն մի  թիզ հողի համար իր զինակից ընկերների հետ կռիվ է տվել ու հաղթել  մինչև ատամները զինված թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ:

Մեր քաղաքի հպարտություն, մեր սիրելի Գերաս, ամեն օր ամեն վայրկյան ոչ միայն խնկարկելու ենք քո ու բոլոր լեգենդ դարձած հերոսների համար, այլև ի լուր աշխարհի ասելու ենք՝  Ձեզ բացակա չենք դնի»:

Գերասիմ Վարդանի Ահարոնյանը ծնվել է 2001 թ.-ի մայիսի 3-ին՝ Արմավիր քաղաքում։ 2004-2007թթ. հաճախել է «Ինչուիկ» նախակրթարան և քաղաքի թիվ 1 մանկապարտեզ։  2005-2008թթ. հաճախել է քաղաքի թիվ 1 մարզադպրոցի մարմնամարզության խմբակ։  2007-2012թթ. ընդունվել և ավարտել է Արմավիրի արվեստի պետական քոլեջի «Գեղանկարչություն» բաժինը։

2007-2016թթ. հաճախել է Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց։ 2016-2019թթ. հաճախել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց։ Դպրոցական տարիներին զբաղվել է ֆուտբոլով, ըմբշամարտով։ Եղել է երկրապահ կամավորական միության և սկաուտական շարժման անդամ։ Սիրում էր շախմատ խաղալ, դաշնամուր նվագել։ Ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր և պատվոգրեր։ Դպրոցն ավարտելով` ընդունվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը, սակայն չհասցրեց դառնալ ուսանող։

2019-ի հուլիսի 15-ին մեկնեց ծառայության։ Վեց ամիս ծառայեց Գյումրու ուսումնական զորամասում, այնուհետև 2020-ի հունվարի 10-ից ծառայում էր Մեղրու Ագարակի զորամասում։ Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, Գերասը ամբողջովին ներգրավվեց այդ գործին։ Սկզբում ցուցակագրումներ ու կամավորագրումներ էր կատարում։ Հրամանատարության կոչին, որ առաջնագծում խիզախ տղաներ են անհրաժեշտ, առաջինն է արձագանքել և ինքնակամ գնացել մարտի դաշտ։

Հոկտեմբերի 3-ից եղել է Ջրականում` թեժ կռիվներում, որտեղ էլ ուժեղ մարտեր են մղել թշնամու դեմ, սակայն հարազատներից թաքցրել է, այդ փաստը։ Զանգելիս տագնապի ու վախի ոչ մի նշույլ, բոլոր հարցերին մի պատասխան ուներ «սաղ տոշնիյա», իր սիրած արտահայտությունն էր։ Հերոսաբար մարտնչելուց հետո հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը աթս-ի հարվածից անմահացել է Սանասարում։

Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մեծ հայրենասեր էր, չէր հանդուրժում անարդարությունը, միշտ պայքարում էր դրա դեմ։ Գերասը պարզ ու լուսավոր, կյանքով լեցուն մարդ էր, բարի, խելացի, յուրահատուկ տեսակ` լի նպատակներով ու ձգտումներով։ Եվ դրանք իրագործելու ճանապարհին կանգնեց դաժան պատերազմը։

Մեծ ձգտում ուներ գիտելիքի հանդեպ։  Ինչպես ինքն էր ասում՝ գիտելիքով են մարդիկ տարբերվում։ Նպատակներից մեկն էլ՝ մնալ պատմության մեջ այնպես, որ Գերաս անունը տարածվի։ Նրա հետ զրույցները միշտ բովանդակալից էին, և հաճախ ասես անհետանում էր դեռ նոր կյանք մտնող պատանին և քո առջև կանգնում էր բազում փորձություններ հաղթահարած տղամարդ։ Անգամ կոնֆլիկտային իրավիճակներում կարողանում էր իր լուսավոր ժպիտով ու մարդամոտությամբ շտկել իրավիճակը։

Սիրում էր հետաքրքիր մտքերն ու գաղափարները հանձնել թղթին. «Ցանկանում եմ, որ պատերազմները շարունակական չլինեն և մենք հերոսանանք մեր գիտելիքներով», «Ես համոզված եմ, որ հայ հերոսները եղել են, այժմ էլ կան ու միշտ կլինեն որպես հպարտություն ու պարծանք հայ ժողովրդի համար»։

​Գերասը մեծ հաջողությունների պիտի հասներ, բայց կյանք կամ հայրենիք ընտրության առջև ընտրեց հայրենիքը։


Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 628+
628+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր