211652_close_icon
views-count37618 դիտում article-date 15:15 11-06-2022

Քեզ բացակա չենք դնի. ծնունդդ շնորհավոր, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Վլադիմիր Մարգարյան. Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի բակում բացվեց նրա անվամբ խաչքար-հուշաղբյուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 10-ին, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Վլադիմիր Մարգարյանի հիշատակին նվիրված խաչքար-հուշաղբյուր։ 

Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ դպրոցական ու զինակից, Լոռու մարզի հերոսածին մայրեր, Սպիտակի համայնքապետ Քաջարի Նիկողոսյանը, Սպիտակի զինվորական կոմիսար Հրահատ Գևորգյանը։

Մինչ խաչքարի օծումը, ոը կատարեց տեղի հոգևորականը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը, ապա տեղի ունեցավ Վ. Մարգարյանի հիշատակի մեծարման միջոցառում։ 

Երեկ նաև լեռնապարցի լեգենդար զինվորի ծննդյան օրն էր, ու ներկաները իրենց խոսքում նշում էին, որ Վլադիմիրի ու նրա նման հազարավոր քաջորդիներին իրենք բացակա չեն դնի. «Նրանք հիմա էլ երկնքից են հսկում մեր ժողովրդի անդորրը՝ Հայաստան ու Արցախ աշխարհը, ու ամեն մեկս պարտավոր ենք ամեն օր հիշել այս բոլոր լեգենդ դարձած հերոսներին, որովհետև նրանց հիշելով՝ պատմություն ենք կերտում»։

Ներկաները նաև այցելեցին հերոսի շիրիմին, ծաղիկներ խոնարհեցին ու կատարեցին խնկարկում։ 

***
Վլադիմիր Սպարտակի Մարգարյանը ծնվել է 2002 թվականի հունիսի 10-ին, Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղում։
5 տարեկան հասակում տեղափոխվելով Լոռու մարզի Սպիտակ քաղաք՝ սովորել է Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցում, այնուհետև ավարտել թիվ 3 ավագ դպրոցը և ավարտելով այն՝ այնուհետև ընդունվել Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական իստիտուտ։

2020թ հուլիսի 26-ին զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցկացնում էր Կուբաթլույում։ Երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։

Պատերազմի առաջին իսկ օրվանից դիպուկահարը չթողեց մարտի դաշտը նույնիսկ ծանր վիրավորում ստանալու դեպքում։ Պատերազմի օրերին կռվել է Իշխանաձորում, Խնձորեսկում և Ջրականում և այնտեղ էլ ծանր վիրավորվել։ Երկու օր շարունակ կյանքի ու մահվան կռիվ տալով՝ Վլադիմիրը բռնեց հավերժի ճամփան և անմահացավ։

Կյանքով լեցուն, ընկերասեր հայորդին ժպիտով կանգնեց մահվանն ընդառաջ՝ հանուն հայրենիքի, հանուն մայր հողի, հանուն հաղթանակի։

Առյուծ ծնվել էր,
Ու հերոս դարձավ,
Հանուն մեր հողի՝
Հավերժ արծվացավ։


Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 250+
250+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր