211652_close_icon
views-count1967 դիտում article-date 10:59 29-04-2022

Ինչո՞ւ հարձակվեցին Արմեն Մարտիրոսյանի վրա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի տեսակետները, իմ կարծիքով, խիստ վիճելի են, եւ, օրինակ, ինձ մոտ դրանք հաճախ բանավիճելու ցանկություն են առաջացնում: Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կառուցի պարոն Մարտիրոսյանի պատկերացումների հիման վրա: Բայց նա ո՛չ պետական պաշտոնյա է, ո՛չ էլ անգամ քաղաքական գործիչ, որպեսզի նրա ասածները կամ գրածները պարտադիր դառնան լայն քննարկման առարկա՝ ով ուզում քննարկում է, մնացածներն ուշադրություն չեն դարձնում: Ի դեպ, նրա հայացքները ես չեմ նույնականացնում ոչ առաջին նախագահի, ոչ էլ ներկայիս վարչապետի հայացքների հետ (եթե երկրորդ դեպքում դրանք ընդհանրապես կան):

Ինչին ես կտրականապես դեմ եմ, դա որեւէ մարդու դեմ ատելություն ու թշնամանք գեներացնելն է՝ լինի նա ՀՀԿ-ական, ՔՊ-ական, դաշնակցական, թե ՀԱԿ-ական: Հիշո՞ւմ եք, օրինակ, թե ինչ զանգվածային փսիխոզ էր կազմակերպվում Շուշան Պետրոսյանի կամ Մարգարիտ Եսայանի դեմ՝ տգեղ, ցինիկ, մարդկային արժանապատվությունը վիրավորող (ոչ թե այդ կանանց, այլ այդ պսիխոզի մեջ ընկնողների): Նման հիստերիաներ խրախուսողները պետք է հասկանան, որ վաղ թե ուշ իրե՛նք են դառնալու նման «օբստրուկցիայի» թիրախը: Եվ, ինչպես մի քանի անգամ արդեն գրել եմ, այդ զգացմունքների բորբոքումը ուղղակիորեն հարվածում է հասարակությանն ու պետությանը:

Ես դեմ եմ նաեւ «թրքացման դեմ պայքարող» - «թրքացման ջատագով» պարզունակ հակադրությանը, որն արժեք ունի միայն քարոզչական տեսանկյունից՝ քանի որ զանգվածների մեջ hամապատասխան էմոցիաներ է առաջացնում: Երբ այդ կատեգորիաներն օգտագործելով դատողություններ է անում շարքային քաղաքացին, դա դեռ կարելի է հասկանալ: Բայց երբ իրավապաշտպանն է ասում, որ թրքացման դեմ պայքարողները տեսան թրքացման ջատագովին եւ հարվածեցին, դա արդեն մտահոգվելու տեղիք է տալիս, որովհետեւ նման պրիմիտիվ պատկեր ներկայացնողն իրականում ամեն ինչ հասկանում է:

Այս իշխանությունը փոխվելու է՝ եթե ոչ ա՛յս «հեղափոխական շարժման», ապա հետագայում որեւէ այլ նմանատիպ իրադարձությունների ազդեցության տակ: Իհարկե, ցանկանալի է, որ գոնե մի անգամ իշխանությունը փոխվի ընտրությունների միջոցով, բայց ես դրան, ճիշտն ասած, չեմ հավատում: Իսկ ինչն է, որ առայժմ չի փոխվում՝ արտահայտված հայացքների համար մարդկանց վրա հարձակվելը՝ ֆիզիկական եւ վիրտուալ տարածքում, իրական կամ կարծեցյալ մեծամասնության տեսակետի հետեւից վազելը: Ես սա ամենասկզբունքային հարցն եմ համարում: Ոչ միայն Հայաստանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր